Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ծագումով հրեա, արգենտինաբնակ գրող Սուլիմ Գրանովսկիի «Լռեցված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը

Բուենոս Այրեսում ապրիլի 24-ից մայիսի 12-ը կազմակերպված գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել ծագումով հրեա, արգենտինաբնակ գրող Սուլիմ Գրանովսկիի «Լռեցված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին Բուենոսի Այրեսի գիտական, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, դատավորներ, ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար, նախկին դատավոր, Արգենտինայի պետական և քաղաքական գործիչ Լեոն-Կարլոս Արսլանյանը, ով իր ելույթում արգենտինահայ համայնքի կողմից երախտագիտություն հայտնեց գրողին՝  կատարված հսկայածավալ աշխատանքի և նվիրման համար:

Գրող Սուլիմ Գրանովսկին իր ելույթում մասնավորապես ասաց. «Դուք իրավունք ունեք հարցնելու ինքներդ ձեզ, թե ինչպիսի հարաբերություններ ունեմ ես հայերի հետ, որպեսզի 86 տարեկան հասակում սկսեմ հետաքննել այն փորձություններն, որ կրել են նրանք 1915 թվականին՝ օսմանների և թուրքերի ձեռքով։ Սա շատ հեշտ է հասկանալ։ Պատանեկությունս համընկավ «Նացիզմի դեմ մեծ պատերազմի տարիների հետ, և իմ հրեական արմատները բերեցին ինձ դեպի երիտասարդական մի կազմակերպություն, որը գտնվում էր մի փոքրիկ տարածքում՝ Բուենոս Այրեսի հարևանությամբ և որի նպատակն էր փորձել տեղեկացնել այն վտանգի մասին, որ կարող էր սպառնալ մարդկությանը և մեզ, եթե Հիտլերը նվաճեր աշխարհը։

20-րդ դարը ցեղասպանության դար էր։ Մեծածավալ ցեղասպանությունը սկսվեց 1.5 միլիոն հայերի ջարդով և երկու տասնամյակ անց, նացիստները սկսեցին հրեաների բնաջնջումը՝ Հոլոքոստը:

Նյուրնբերգը ուսումնասիրեց հրեական ցեղասպանությունը, բայց ծագումով հրեա, Լեհաստանի փաստաբանը, ով հեղինակն է «Ցեղասպանություն» տերմինի, նախազգուշացրել էր դեռևս Հոլոքոստից առաջ՝ «Չմոռանա՛ք հայերի ոչնչացման մասին»։

Իմ մայրը՝ Պաուլինը, Ցարիզմի ժամանակաշրջանում ապրում էր Օդեսայում։ Մի անգամ Արգենտինայում նա մեզ պատմեց, որ երբ կազակների ջարդերը վրա էին հասնում, հայերը իրենց հրեա հարևաններին թաքցնում էին իրենց տներում։ Իմ մայրը այն մարդկանցից մեկն է, ում ոգեշնչել է այս աշխատանքի ստեղծումը։ Նրանից եմ ես ժառանգել հայ հասարակության հանդեպ երախտագիտությանս զգացումը»։

Ելույթներով հանդես եկան նաև  դատավորներ Դանիել Ռաֆեկասը, Կառլոս Ռոզանսկին և ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Տարածել`
Share

You may also like...