Բեմի կախարդանքը՝ Ժակլին Սարխոշյան

armlur.am-ը գրում է՝

Պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը, ով արդեն 2 տարի է՝ դասավանդում է Համազգային մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում, վերջերս ժամանել է Երեւան: Նա եկել է հոկտեմբերի 1-ին կայանալիք իր հրաժեշտի երեկոյի նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու: Ժակլինը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հոտեմբերից հետո չի ներկայանալու որպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստուհի, բայց եթե թատրոնից դուրս ինչ-որ համերգների մասնակցելու ցանկություն ունենա, գուցե պարի: «Ինձ համար այժմ ավելի հետաքրքիր է ներկայացումներ բեմադրել եւ դասավանդել: Կարծում եմ` անհրաժեշտ է ճիշտ ժամանակին հեռանալ բեմից: Բոլորն ասում են, որ դեռ 5 տարի էլ կարող էի պարել, բայց հեռանալն իմ որոշումն է»,-ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք` օպերային թատրոնի գործունեությունը կողքից դիտելով` Ժակլինը ինչ մտորումներ է ունենում, արդյոք կան բացեր, որոնք հարկավոր է լրացնել. «Գիտեք` ինձ թվում է` մեր թատրոնը անկում է ապրում, այնտեղ բալետի մասով մի քիչ պասիվ վիճակ է: Շատ կուզենայի, որ խաղացանկը թարմացվեր, ավելի շատ բալետային ներկայացումներ բեմադրվեին: Օրինակ` տեսեք` հիմա ամառ է, իսկ այնտեղ ոչ մի ներկայացում չկա: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այժմ բեմադրական գործընթաց է, բայց կուզենայի դրան զուգահեռ ներկայացումներ մատուցվեին: Չէ՞ որ այս սեզոնին, օրինակ, զբոսաշրջիկները, որոնք ցանկություն ունեն մշակութային օջախներ այցելելու, մեզ մոտ մեծ թիվ են կազմում»,-մեկնաբանեց պարուհին: Նա սիրով հիշեց այն տարիները, երբ թատրոնում շաբաթը 4-5 անգամ հանդես էին գալիս ներկայացումներով. «Առավոտյան մանկական ներկայացումներ ունեինք, իսկ երեկոյան` մեծերի համար նախատեսված: Ահա, դա է այսօր պակասում մեր թատրոնին: Ամեն դեպքում, ես լավատես եմ, հուսով եմ, որ ղեկավարությունը այդ հարցը կլուծի: Անհրաժեշտ է վերականգնել մի շարք գործեր, իսկ դրա համար ֆինանսներ են պետք:

Իմ միակ ցանկությունն այն է, որ մեր թատրոնը լինի առաջատարի դերում, որովհետեւ այն իմ տունն է, կյանքիս մի զգալի ժամանակահատված ես այնտեղ եմ անցկացրել»,-հավելեց Ժակլինը: Մեր այն հարցին, թե առաջիկա տարիներին իր գործունեությունը որտեղ է պատրաստվում ծավալել` Հայաստանում թե Լիբանանում, պարուհին պատասխանեց. «Ես ե՛ւ այստեղ եմ, ե՛ւ այնտեղ: Պատրաստվում եմ նաեւ մեկնել հյուրախաղերի, հավանաբար սեպտեմբերին»:

 

Հեղինակ՝ Աննա Բաբաջանյան

Տարածել`
Share

You may also like...