Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի պրն. Վարչապետ և հարգելի պրն. Մշակույթի նախարար, խնդրում ենք Ձեզ Հայաստանի ազգային գրապալատ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին տեղյակ պահել իրենց հիմնարկի ճակատագրի մասին: Հիմնարկի տնօրենը հայտարարում է, որ դա գաղտնիք է և ինքը չի կարող ասել: 94 տարի առաջ բզկտված, սովից ու համաճարակից խեղճացած Հայաստանը կարողացավ միջոցներ գտնել և հիմնել Մատենագիտական կենտրոն, Առաջին և Երրորդ հանրապետությունների դժվար, ցուրտ ու մութ տարիներին կարողացանք պահել գրապալատը, իսկ այսօր, երբ 25 տարի է անկախ պետություն ենք, ունենք Ձեզ նման բանիմաց այրեր, հզոր սփյուռք` սև ամպեր են կուտակվում գրապալատի գլխին: Տարիքի բերումով` ես ակնկալիք չեմ կարող ունենալ աշխատանքային կարիերայի առումով, բայց տվյալ հիմնարկում 45 տարիների աշխատանքային փորձն ինձ իրավունք է տալիս խոսելու գրապալատի կարևորության մասին: Գրապալատն ունի շատ գործառույթներ, որոնք չեն խաչվում գրադարանների գործառույթների հետ: Պարզապես պետք էր կարողանալ ներկայացնել այդ ամենը:

Տնօրենը, որ մինչև նշանակվելը լսած էլ չի եղել նման հիմնարկի մասին (իր իսկ արտահայտությունն է), չի տիրապետում իրավիճակին: Մինչ նոր տնօրեն նշանակելը, մենք կարողացանք մեր տնտեսած սուղ միջոցներով մասամբ նորոգել տանիքը, և նույնը կարող էինք անել այս տարի: Նոր տնօրենին աշխատողները ներկայացրել են բավական հետաքրքիր ծրագրեր, որոնց իրագործումը մեծ ներդրումներ չէր պահանջում, այլ ընդհակառակը` կարող էր թեթևացնել պետության բեռը: Սակայն առաջարկներն անտեսվել են և դրա փոխարեն կատարվել են անիմաստ ծախսեր և մսխվել առանց այդ էլ սուղ միջոցները:

Հարգելի պրն Վարչապետ, շատ նախարարությունների ու հիմնարկների աշխատանքի արդյունավետությունը, աշխատանքային պայմանները, աշխատելաոճը չեն բավարարում Ձեզ, բայց Դուք դրանք չեք զրկում միավոր լինելուց: Դուք ազատում եք աշխատանքից անկարող ղեկավարներին ու նշանակում կարող մարդկանց, բանիմաց կազմակերպիչներ, պահանջում նրանցից առողջացման ծրագրեր: Միթե նույնը չի կարելի անել Գրապալատի պարագայում: Մի նկատառում ևս` նախկին ԽՍՀՄ կազմում եղած, գրեթե, բոլոր հանրապետություններում իրենց գործունեությունը որպես ինքնուրույն միավոր պահպանել են գրապալատները: Իսկ մենք….

 

Հարգանքներով ` ՀԱԳ Ավտոմատացման բաժնի վարիչ Ծովինար Հովհաննիսյան.

Տարածել`
Share

You may also like...