Բացվում է նոր կրկես, պետք է նորովի աշխատել. Սոս Պետրոսյան

 

hraparak.am

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այս տարի առաջին անգամ կբացվի կրկեսի, էտրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրա մասնագիտության կուրս՝ հեռակա ուսուցմամբ։ Կուրսի ղեկավարը լինելու է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։ Մեզ հետ զրույցի ժամանակ Սոս Պետրոսյանն ասաց, որ սկզբում ցանկացել է այդ կուրսը բացել Մանկավարժական համալսարանում, բայց իր գաղափարին ընդառաջել է Թատերական ինստիտուտը, որտեղ 80 թ․-ից ինքը դասավանդում է։ «Առանց այդ բաժնի անհնարին է, որովհետեւ կրկեսն էլ, նրա կառուցվածքն էլ փոխվել են, պետք են կրթված մարդիկ։ Այն մարդիկ, որոնք կունենան շնորհք, 2-րդ կուրսից կընդունվեն կրկես աշխատելու։ Կրկեսին էլ պետք են կրկեսային գործի մասնագետներ, կազմակերպիչներ, ադմինիստրատորներ, ռեժիսորներ, բեմադրիչներ, գյուղերում ինքնագործ խմբի ղեկավարներ։ Բացվում է նոր կրկես, պետք է նորովի աշխատել, դրա համար որոշեցինք այդ ռեժիսորական կուրսը բացել, որի մեջ մտնում է ամեն ինչ։ Մենք մինչեւ հիմա կրկեսը յոլա ենք տարել, կրկեսի զարգացման համար Հայաստանում մեկ լումա չի ներդրվել, բայց ես մի օր չեմ կանգնել»,-ասում է Պետրոսյանը։ Հեռակա ուսուցումը, ըստ Պետրոսյանի, ավելի նախընտրելի է նաեւ այն առումով, որ սովորելուն զուգահեռ նրանք կաշխատեն եւ կհմտանան իրենց նախընտրած մասնագիտության մեջ։ Հեռակա բաժնում ուսուցումը լինելու է 5 տարի, վերջին տարին կլինի պրակտիկա, նախատեսված է, որ ամեն տարի կավարտի մոտ 20 հոգի։ Թե կրկեսն ունի՞ արդյոք այդքան աշխատատեղ, որ բոլոր շրջանավարտներին ընդունի աշխատանքի, ապա՝ ունի։ Դրանից բացի, Պետրոսյանը խոսել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ, քաղաքապետարանի մշակույթի վարչության հետ, որոնք իրենց մասսայական միջոցառումների կազմակերպման գործում անպայման կընդգրկեն այս բաժնի շրջանավարտներին. «Բոլորին տեղավորելու ենք գործի, ես միշտ զարմացել եմ՝ ինչո՞ւ են այդքան հարյուրավոր դերասաններ, ռեժիսորներ ավարտում, որ հետո գան-ասեն՝ «զայչիկի» տեղ չկա՞, Նոր տարվա ներկայացման մեջ խաղանք»։

Պետրոսյանը վստահ է, որ լավ ուսանողն իր տեղը կգտնի. «Տվեք ինձ կրկեսի միջակ դերասան, եւ ես ուղիղ 3 օրից ուղարկեմ նրան Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան։ Բայց մարդ չկա, բոլորը պարում ու երգում են, կամ մի ֆուտբոլիստ մի գոլ է խփում, ամբողջ երկիրը դրա մասին է խոսում։ Բայց այդպես չի կարելի, պետք է մի քիչ էլ կրկեսին ուշադրություն դարձնել»։ Կրկեսի, էտրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրա մասնագիտության բաժնում կուսուցանվեն կրկես, էստրադա, մասսայական տեսարանների ռեժիսուրա, կրկեսային գործի կազմակերպում, պարի ռեժիսուրա։ Նորաբաց բաժնում, բացի նրանից, որ կդասավանդեն ամեն ոլորտի լավագույն մասնագետները, կլինեն նաեւ հրավիրյալ դերասաններ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։ Դիմորդներն իրենց գործերը կարող են ներկայացնել սեպտեմբերի 2-25-ը, որից հետո, հոկտեմբերին, կլինեն քննությունները, ապա՝ նոյեմբերից, կսկսվեն դասերը, որը կտեւի 20-25 օր։ Ինչպես փաստում է Սոս Պետրոսյանը, արդեն հետաքրքրվողներ կան, ինքն էլ Թատերական ինստիտուտում ամեն երեքշաբթի, ժամը 1-ին կոնսուլտացիա է անում։ «33 տարի է՝ կրկեսի գեղարվեստական ղեկավարն եմ ու գլխավոր ռեժիսորը, բայց մշակույթի նախարարությունը, պետությունը մեկ լումա չեն տվել, բերեք ստորագրեմ ասածիս տակ… իսկ մենք կրկես ենք պահում, մեր կրկեսի դերասանները տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ են, հենց միայն իմ 2 թոռն աշխարհի չեմպիոններ են, տղաս եւ հարսս Գինեսի քառակի ռեկորդակիրներ են, էլ չեմ ասում իմ աշակերտների մասին»,-ընդգծում է Սոս Պետրոսյանը։ Թե ինչու կրկեսային ավանդույթներ ունեցող մեր կրկեսը տարիներ շարունակ անուշադրության է մատնվել, կրկեսի գեղարվեստական ղեկավարը չի կարող ասել։ «30 տարի կրկեսի ոչ մի գործիչ կոչում չի ստացել, արդյոք դա ազնի՞վ է, երեւի նրանից է, որ մենք չենք քծնում, չենք գնում քեֆերին, հարսանիքներին մասնակցում, մենք մեր գործն ենք արել՝ նույնիսկ պատերազմի տարիներին»,-էլ ավելի է անկեղծանում Սոս Պետրոսյանը՝ նշելով, որ մեր ժողովուրդը սիրում է կրկես, ժամանակին մարդիկ նույնիսկ հերթ էին կանգնում կրկեսային ներկայացումների տոմսերը ձեռք բերելու համար։

Ինչ վերաբերում է կրկեսի վերանորոգմանը, ապա այն մի քիչ ուշանում է, բայց կարեւորը՝ 2017թ. վերջին այն ամբողջությամբ ավարտված կլինի՝ իր ավտոկայանատեղիով. ««Տաշիր» ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի ժամանակին լինի, այդ մարդիկ մեր հանրապետությանը կրկես են նվիրում՝ լավ իմանալով, որ դա բիզնեսի աղբյուր չէ»։ Կրկեսը սառույցի վրա, ջրի մեջ, օդային տեսարաններ, մեծ ատրակցիոններ. այս բոլորն իրագործելի կլինեն նորոգված կրկեսում։ Թե կրկեսի կոլեկտիվն այս տարիների ընթացքում ինչ է արել եւ անում, ապա կրկեսը ֆիքսված հաստիքացուցակ չունի, աշխատում է պայմանագրային սիստեմով, կլինի կրկես, կլինեն նաեւ պայմանագրային, հրավիրյալ դերասաններ։ Կրկեսի, էտրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրա մասնագիտության կուրսին զուգահեռ, կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում եւս կատարվում է ընդունելություն, առանց տարիքային սահմանափակման։ Ինչպես նշում է Սոս Պետրոսյանը, այս տարիների ընթացքում ստուդիան տվել է շուրջ 4 հազար շրջանավարտ։ Այստեղ ուսման տեւողություն չկա, մեկը կարող է 2 տարում դառնալ կրկեսի լավ դերասան, մյուսն էլ 20 տարի սովորել ու չդառնալ՝ նկատում է Սոս Պետրոսյանը։

Հեղինակ՝ Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...