Բացվեց Դավիթ Հակոբյանի անհատական ֆոտոցուցահանդեսը «Պատմություններ ճանապարհից». տեսանյութ)

tert.am-ը գրում է՝

Նկարիչների միությունում երեկ բացվեց ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ, PAN Photo-ի թիմի անդամ, երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ֆոտոցուցահանդեսը «Պատմություններ ճանապարհից» խորագրով։

Ցուցահանդեսին ներկայացված են 40 լուսանկարներ, որոնցում ֆիքսված են աշխարհում ու Հայաստանում ամենատարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք, հաղթական իրադարձություններ ու բնապատկերներ՝ Հայաստանի նախագահից մինչև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, Ամենայն Հայոց կաթողիկոսից մինչև Հռոմի պապ ու արվեստի հանրահայտ գործիչներ։

«Ցուցադրված լուսանկարների մի մասն արդեն հրապարակված է, կան կադրեր էլ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում։ Փորձել եմ նոր տեսանկյունից ներկայացնել պետական և քաղաքական գործիչներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ պետական արարողակարգերի ժամանակ լավագույն լուսանկար ստանալու համար քիչ ջանքեր չեն պահանջվում իրենից՝ լավագույն պահն ու դիրքը ֆիքսելու համար։

Ցուցահանդեսի ժամանակ խոսեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ասելով, որ դժվար է լինել պաշտոնական լուսանկարիչ, որովհետև դա կաղապար է, իսկ լուսանկարչությունն արվեստ է, որն ազատություն է պահանջում։ «Ինձ Դավիթի աշխատանքի մեջ առանձնապես հիացնում է այն, որ նա կարողանում է պաշտոնական լուսաբանման մասը համադրել ստեղծագործական մոտեցման հետ»,- նշեց նա։
Ֆոտոցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ և այլ հյուրեր։

Ցուցահանդեսը կտևի մինչև աշխատանքային օրվա ավարտը։





Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed