Բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը

«Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն արդեն տրված է: Փառատոնային առաջին օրն սկսվեց ֆիլմերի ցուցադրություններով ու դրան հաջորդող մամլո ասուլիսներով: Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում: Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի եւ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկը, փառատոնի հյուրերն անցան Շ. Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաջորդիվ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաեւ ժյուրիի կազմը: Բացման արարողության ընթացքում հայտարարվեց, որ Եվրոպական կինոակադեմիան մրցանակ է շնորհում Սերգեյ Փարաջանովի թանգարանին՝ Եվրոպական կինոմշակույթի գանձ։ Համաձայն դրա՝ որոշվեց ստեղծել Եվրոպական կինոմշակույթի գանձերի ցուցակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի օրինակով։ Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը՝ Վահագն Հայրապետյանի հատուկ ֆիլմի համար գրված երաժշտությամբ։ Նշենք, որ այս տարի ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: Այս տարվա արտամրցութային ծրագրերում ներկայացված կլինեն Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը, ինչպես նաեւ անվանի կինոգործիչների աշխատանքները: «Ոսկե ծիրանի» այս տարվա պատվավոր հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին: Կցուցադրվի նրա դերակատարմամբ երեք նշանավոր կինոնկար:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...