Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան ցուցադրվեց Տ. Լևոնյանի հիշատակին

Օրեր առաջ  Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվեց Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը նվիրված էր անվանի օպերային երգիչ, բեմադրիչ Տիգրան Լևոնյանի հոբելյանին:

Օպերային թատրոնից հաղորդած տեղեկության համաձայն՝  սարոյի կերպարը ներկայացրել է Տ.Լևոնյանի լավագույն սան, ամերիկաբնակ տենոր Եղիշե Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Լևոնյանը ծնվել է Բեյրութում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1977թ.` Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը:

Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ: Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում: 1962թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, 1970-77թթ, միաժամանակ` ռեժիսոր, 1977-ից` գլխավոր ռեժիսորը, 1991-2000թթ` նաև գեղարվեստական ղեկավարը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Մանրիկո), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Բեմադրել է Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977թ., 1996թ.), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1978թ.), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1981թ.), «Անուշ» (1994թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (1984թ., 1992թ.), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1988թ.), Գ.Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993թ.) և այլ օպերաներ: Նկարահանվել է «Կարինե» (1968թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) ֆիլմերում: Եղել է «Ալմաստ» (1986թ.) և «Արշակ Երկրորդ» (1988թ., գլխավոր դերակատար) ֆիլմ-օպերաների բեմադրող-ռեժիսորը և սցենարների հեղինակը:

1992թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ): 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է Երևանում 2004-ին:

Տարածել`
Share

You may also like...