Ա. Շիրվանզադե. Հատված Քաոս վեպից

Նրա հոյակապ տները, որ հպարտ ճակատներով կանգնած էին քաղաքի կենտրոնական փողոցներում, մի-մի փուշ էին դարձել քաղաքացիների աչքում, նրա բազմաթիվ հողերից բխող նավթը խեղդում էր և գործարանի ծուխը կուրացնում նրանց աչքերը: Բայց մարդիկ գիտեին ինչպես զովացնել իրենց նախանձավառ սրտերը: Չէ որ Մարկոս Ալիմյանը եղել է ջրկիր, հետո դռնապան, հետո խոհարար, հետո մրգավաճառ, այնուհետև գինեվաճառ և այլն, և այլն… Եվ ոչ մի գործ նա չի վարել ազնվաբար: Գնալով Ռուսիա, նա այնտեղից բերել է կեղծ դրամներ և տգետների վրա սաղացրել: Նա խաբել է, գողացել է, գռփել ու կողոպտել է խեղճերին, նա նույնիսկ թունավորել է իր մի ընկերոջը: Սա ժլատ է, նրա ձեռները դողում են գրպանից դրամ դուրս բերելիս, ապրել չգիտե, դրամն է նրա հավատը, հոգին, աստվածը: Նրա ընդարձակ տունը, ուր ոչ մի օթյակ ծածկված չէ պաստառով, մռայլ բանտ է իր կնոջ ու զավակների համար: Այնտեղ կահ-կարասի չկա, ծառա չկա, խոհարար չկա: Նա իրեն տան համար պաշարեղեն ինքն է տուն բերում իր ձեռքով առավոտները կանուխ, որ ոչ ոք չտեսնե: նա գրպանում ունի երկաթաթելից շինած մի օղակ և միայն այն ձուն է գնում, որ այդ օղակով չի անցնում և շատ անգամ պտտում է ամբողջ շուկան այդ չափի ձվեր գտնելու համար:
Շատ շատերը գիտեին, որ այդ բոլորը մտացածին է, որ Ալիմյանի տանը ծառաներ էլ կան, խոհարար էլ, կահ-կարասի էլ, նույնիսկ փարթամ կահ-կարասի: Գիտեին, որ եթե Մարկոս աղան մի օղակ ունի, այդ այն է, որով անխնա սեղմում է իր պարտապանների կոկորդը: Բայց սև նախանձը կուրացրել էր մարդկանց և հնարում էին ամեն ինչ, որ կարող էր քիչ թե շատ հանգստացնել կյանքի անհաջողություններից ժանգոտված ու թթված սրտերը:
Սանձարձակ ծաղրում էին, զրպարտում, հայհոյում քաղաքի առաջին միլիոնատիրոջը, սակայն միայն հետևից: Իսկ երբ աղան, կլորիկ փորը դուրս ցցած, բադի պես աջ ու ձախ երերվելով, գնում էր փողոցով կամ անցնում էր խանութից խանութ և կամ կլուբ էր մտնում, ամենքն աշխատում էին որսալ նրա հայացքը, որպեսզի բարևեն խոնարհ և արժանանան նրա արհամարհական պատասխանին: Այնինչ Մարկոսը, այդ նախկին ջրկիրը, դռնապանը, ինքը ոչ ոքի բարևին չէր սպասում, բացի մեկից և այդ մեկը երկրի իշխանն էր — նահանգապետը: Քսանուհինգ տարի էր, որ վերադարձնում էր իր ինքնասիրության և պատվի կորուստները, ընդունելով ուրիշներից այն, ինչ որ ինքը քսանուհինգ տարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին:

 

Հատվածը ներկայացնում ենք գրականագետ Անի Փաշայանի գրառումից

Տարածել`
Share

You may also like...