Ա. Խաչատրյանի ստեղծագոր- ծությունները նվագելն արտակարգ զգացողություն է. Ա. Բարանով

Ամփոփվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը, ինչպես դեկտեմբերի 19-ին «Մենք» մշակութային մամուլի ակումբում նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նպատակ ունի աշխարհին ներկայացնելու ոչ միայն աշխարահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, այլ նաև ևս մեկ անգամ փաստելու, որ նա հայ ժողովրդի զավակն է:

Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով փառատոնի արդյունքները, փաստեց, որ վերջինս անցնում էր մեծ ոգևորությամբ և այդ ոգևորվածությունը նկատելի էր ոչ միայն նվագախմբի, այլև այլ մասնակիցների կողմից, ովքեր իրենց կողիքն էին:

IMG_3741

Բանախոսի խոսքով՝ այսօր իրենք ունեն մի գալա համերգ, որով Անդրեյ Բարանովի հետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես էր եկել դեռևս նոյեմբերի 24-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Մոսկվայում, այն նույն դահլիճում, որտեղ ժամանակին հանրահայտ կոմպոզիտորը ինքն էր իր ստեղծագործությունների պրեմիերաները կազմակերպում:

«Այստեղ ամեն ինչ կապվում է Արամ Խաչատրյանի անվան հետ: Այս փառատոնն ունի շատ մեծ ձեռքբերում, որովհետև բացի նրանից, որ  մենք անում ենք «պրոպագանդա»,  այլև դա մի փոքր այլ ֆորմատի մեջ ենք փորձում ներկայացնել»,-նշեց Սերգեյ Սմբատյանը և հավելեց, որ շատ դժվար է հայտարարել, թե փառատոնը կլինի ամենամյա, քանի որ դրա համար պետք է ունենալ շատ ամուր հիմք, իսկ այն, ինչ ստացվեց, տալիս է այդ հիմքը:

«Այն մենակատարները, ովքեր մեզ միացան շատ մեծ ոգևորությամբ, ովքեր կիսեցին մեզ հետ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելու հաճույքը, հիմք են հանդիսանում վստահորեն ասելու, որ Արամ խաչատրյանի անվան միջազգային փառատոնը լինելու է ամենամյա»,-հայտարարեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և հիշեցրեց, որ այսօր Հայաստանում մենք ունենք միջազգաին կարևորագույն մի նախագիծ`Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց այն ժամանակ, երբ տոնում էինք Արամ Խաչատրյանի 100 ամյակը: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ դրա կարիքը շատ կա և արդեն 10 տարի է, ինչ անցկացվում է այն:

IMG_3753

Սերգեյ Սմբատյանը կարևորեց նաև այն, որ այսօր, երբ Հայաստան ենք հրավիրում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, պարզ է դառնում, որ նրանց կարծիքով այս փառատոնն արդեն կազմակերպվել է տարիներ շարունակ ոչ ոք չի էլ մտածում, որ փառատոնն անցկացվում է առաջին անգամ, իսկ հայտնի ջութակահար Անդրեյ Բարանովը, շարունակելով խոսքը, նշեց, որ այս ամենը հաստատում է այն, որ փառատոնը դեռ կապրի:

Ե՛վ նվագախումբը, և՛ մրցույթը բավականին հայտնի են ողջ աշխարհում և բավականին խոստումնալից հեռանկարներ կան դրա հետ կապված:

«Մենք» առցանց մշակութային լրատվականի` Ա. Բարանովին ուղղված այն հարցին, թե վերջինս ինչ զգացողություններ է ունենում, երբ հայկական երաժշտությունը նվագում է հայ երաժիշտների հետ և, ընդհանրապես, ինչ կարծիք ունի այդ երաժիշտների մասին, բանախոսը նախ և առաջ նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները մտնում են համաշխարհային երաժշտական ժառանգության ոսկե հավաքածուի մեջ:

«Հայ երաժիշտներին ես շատ եմ սիրում: Ես հայազգի երաժիշտ շատ ընկերներ ունեմ: Ուրախ եմ նաև Սերգեյի և նվագախմբի հետ ծանոթությանս համար:  Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները նվագախմբի հետ նվագելն արտակարգ զգացողություն է, քանի որ զգում ես և´ սերը դեպի այդ երաժշտություն, և՛ հոգեհարազատությունը:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե  համագործակցող երաժիշտները մինչ այս փառատոնը  իրենց նվագացանկում արդյոք ունեին Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները:

Սերգեյ Սմբատյանը հարցին պատասխանեց` օրինակ բերելով հենց Անդրեյ Բարանովին, ով 2012 թվականին Եղիսաբեթ թագուհու անվան և բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթող է, այսօր կատարում է Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ հազարավոր մարդիկ աշխարհում հետևում են հայտնի ջութակահարի նման մարդկանց օրակարգին և նվագացանկին:  Այս ամենը բնականաբար իր արձագանքը կունենա, չէ՞ որ նույն Անդրեյը մինչ այդ ևս չէր կատարել:

Այն հարցին, թե խաչատրյանական երաժշտությունն ինչ առանձնահատուկ գծեր ունի, որոնք հոգեհարազատ են հայկական երաժշտությանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Մենք խոսում ենք համաշխարհային երևույթի մասին: Չենք կարող ասել, որ միայն հայերն են հասկանում կամ զգում այն: Ա. Խաչատրյանը շատ քիչ է ապրել Հայաստանում: Նա համարվում է ԽՍՀՄ-ի հանճարեղ կոմպոզիտորներից մեկը, բայց և այնպես նրա ստեղծագործություններում կարելի է զգալ այն ամենը, ինչ հայն ունի իր հոգևոր ներաշխարհի մեջ: Շատ բարդ հարմոնիկ պատկեր է այն, ինչ լսում եք, բայց այնպես է ներկայացված, որ ամենակայացած, ամենահանճարեղ երաժիշտները միշտ ձգտել են նվագել: Սա ֆենոմեն է: Չապրելով Հայաստանում` նա հայկական ֆոլկլորի այնքան տարրեր է կուտակել իր ստեղծագործություններում»:

անդրադարձը` Անահիտ Ծատուրյանի
լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ա. Խաչատրյանի ստեղծագոր- ծությունները նվագելն արտակարգ զգացողություն է. Ա. Բարանով”

Leave a Reply

Your email address will not be published.