Արևիկ Ծերունյանի «Կորուսյալ կայսրություն» ցուցահանդեսը «համեմված» ներկայիս քաղաքական ենթատեքստով

ԱՄՆ Բոստոն քաղաքում բոլորովին վերջերս տեղի ունեցավ նկարիչ-քանդակագործ Արևիկ Ծերունյանի աշխատանքների ներկայացում-ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և կրում էր «Կորուսյալ կայսրություն» խորագիրը:

Այս օրերին էլ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներկայացվում են Արևիկ Ծերունյանի ստեղծագործությունների լուսանկարները:

«Շատ ուզեցի, որ հայրենիքում տեղյակ լինեն, թե ինչ եմ արել Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս երեք տարիների ընթացքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհին՝ ավելացնելով. «Սովորել եմ Բոստոնի Թաֆթս համալսարանի թանգարանային արվեստի դպրոցում` ստանալով մագիստրոսի կոչում: Մագիստրատուրան ավարտելուց հետո սկսեցի աշխատել Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, և հենց այնտեղ էլ ներկայացրեցի «Կորուսյալ կայսրություն» ինստալացիան»:

Նշենք, որ «Կորուսյալ կայսրություն» քանդակային անսամբլի թեման հիմված է գրական սյուրռեալիստական ստեղծագործության վրա, որի հեղինակը դարձյալ Արևիկն է: «Կորուսյալ կայսրություն» պատմվածքի հիմքում ընկած է անցյալում գոյություն ունեցած հայոց կայսրությունը, որն Արևիկ Ծերունյանը անցկացրել է սյուրռեալիստական և մետաֆիզիկական պրիզմայի միջով` «համեմելով» ներկայիս քաղաքական ենթատեքստով։

Ինստալացիան հիմնականում կազմված է 15 քանդակներից, որոնք նկարչուհին կերտել է 8-9 ամիսների ընթացքում: Այն իրենից ներկայացնում է եռաչափ կոլաժ` կառուցված հավաքական էլեմենտներից: Նկարչուհին սինթեզել է գտնված, պատրաստի առարկաներ, որոնք արդեն իրենց մեջ կրում էին իմաստ: Սակայն, դրանք սինթեզվելով մեկը մյուսի հետ ստանում էին նոր մետաֆիզիկական ձև և բովանդակություն, որոնք Արևիկը ինքն էր բացահայտում պատրաստման ընթացքում:

«Բոստոնում քանդակային ինստալացիայի ցուցադրումն ուղեկցվեց թատերական ներկայացումով՝ հենց ինստալացիայի տեղադրման տաղավարում: Ներկայացումից հետո հանդիսատեսին հնարավորություն էր տրվում մտնել ինստալացիայի մեջ և դերասանների հետ դառնալ դրա մի մասը», – մեջբերեց նկարչուհին՝ հավելելով նաև, թե ապագայում նախատեսում է շարունակել իր գործունեությունը հայրենիքում և ԱՄՆ-ում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արևիկ Ծերունյանի «Կորուսյալ կայսրություն» ցուցահանդեսը «համեմված» ներկայիս քաղաքական ենթատեքստով”

Leave a Reply

Your email address will not be published.