Արևելքի հայկական գաղութները. Պատմական ակնարկ

Տարբեր երկրների մեծ և փոքր քաղաքներում հաստատված հայ գաղթականները ամենուրեք հայտնվեցին խիստ ծանր վիճակում։ Իրենց ողջ ունեցվածքը հայրենիքում կորցրած և ֆինանսական կարողություններից զուրկ՝ նրանք ստիպված էին նոր կյանք սկսել օտար միջավայրում։ Լիբանանում, Սիրիայում և Արևելքի այլ երկրներում, որոնք զարգացման աստիճանով քիչ էին տարբերվում Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից, հայերը շարունակեցին զբաղվել արհեստներով և առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Դա, ինչպես նաև տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը մեծապես նպաստեցին, որ հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի հայերի մեջ զգալիորեն աճեց գործարարների, մասնագետների, ծառայողների և հատկապես ուսանողության թիվը։ Այսպես՝ 1960-ական թվականներին հայերին էին պատկանում Լիբանանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 18%-ը և մանր արհեստավորական ձեռնարկությունների 43%-ը։ Արևելքի երկրների հայության իրավական կարգավիճակի կարևոր առանձնահատկություններից է այն, որ այստեղ նրանք ճանաչված են որպես ազգային-կրոնական համայնք։ Դրա շնորհիվ Լիբանանում և Իրանում հայերը իրենց ներկայացուցիչներն ունեն խորհրդարաններում, իսկ հաճախ նաև կառավարություններում։

Արևելքի երկրների հայության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն սփյուռքի բոլոր այլ համայնքների, նա ապրում է մահմեդական երկրներում։ Մահմեդական և քրիստոնեական մշակույթների և ապրելակերպի էական տարբերությունները մեծապես նպաստում են հայերի ազգային ինքնության պահպանմանը։ Կրոնամշակութային այդ առանձնացվածության հետևանքներից են հազվադեպ ամուսնությունները բնիկ ժողովուրդների և տեղացի հայերի միջև։ Հայ ընտանիքների ազգային միատարրության շնորհիվ հնարավոր է դարձել աճող սերնդին տալ հայեցի դաստիարակություն, պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնագիտակցությունը։

Այս համայնքներում միշտ էլ կարևորվել է ազգային կրթության հարցը։ Սկսած 1920-ական թվականներից՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում հիմնվել է հայկական ամենօրյա դպրոցների լայն ցանց։ Դրանցից են, օրինակ, Բեյրութում՝ Դարուհի Հակոբյան, Հալեպում՝ Լազար Նաջարյան-Գալուստ Կյուլպենկյան, Թեհրանում՝ Մարի Մանուկյան դպրոցները։ Սփյուռքահայ կրթօջախների շարքում իր տեսակի մեջ եզակի էր 1926թ. Նիկոսիայում (Կիպրոս) հիմնված ՀԲԸՄ-ի Մելքոնյան կրթական հաստատությունը, որը փակվեց 2005 թ.։ Այս գիշերօթիկ դպրոցում ուսանում էին հիմնականում Արևելքի երկրներից, իսկ 1990-ական թվականներից՝ նաև Հայաստանից եկած երեխաները։ 1955 թվականից Բեյրութում Հայ ավետարանական եկեղեցու հովանավորությամբ գործում է սփյուռքի միակ բարձրագույն կրթական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը։ Այս ամենի շնորհիվ տեղի հայության համար հայոց լեզուն ցայսօր էլ հաղորդակցման բնական միջոց է։

Պատահական չէ, որ այստեղ հրատարակվել են մեծ թվով հայկական թերթեր ու ամսագրեր։ Միայն Հալեպում (Սիրիա) մինչև 1970-ական թվականները գործում էր 27 հայկական տպարան, որոնցում հրատարակվել է շուրջ 50 անուն պարբերական։ «Զարթօնք», «Ազդակ» (Բեյրութ), «Ալիք» (Թեհրան), «Արև», «Յուսաբեր» (Կահիրե) և այլ թերթեր այսօր էլ մեծ տարածում ունեն ողջ սփյուռքում։ Ազգային ավանդույթները պահպանող ազդու միջոցներից է նաև մեծ թվով պարային, թատերական և նման այլ խմբերի գործունեությունը։ Ազգային բազմաթիվ կազմակերպությունների, կրթական հաստատությունների, հայալեզու պարբերականների գոյությունը ստեղծել է ուրույն հայկական մթնոլորտ Հալեպի և Բեյրութի հիմնականում հայերով բնակեցված առանձին թաղամասերում։

Արևելքի երկրների հայախոս ստվար համայնքները հնարավոր դարձրին նաև հայ գեղարվեստական գրականության ավանդույթների պահպանումն ու զարգացումը։ Դրա վկայությունն են Վահե Վահյանի, Մուշեղ Իշխանի, Անդրանիկ Ծառուկյանի և ուրիշների ստեղծագործությունները։

Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայ համայնքները մինչև 1970-ական թթ. հայ սփյուռքի մշակութային և հոգևոր կենտրոններն էին։ Այստեղ են մեծացել ու կրթություն ստացել այլ երկրների համայնքային առաջնորդների զգալի մասը։ Արևելքի երկրներից 1950-ական թվականների վերջերից սկսված հայերի արտագաղթը, որի մեջ մեծ տոկոս է կազմում երիտասարդությունը, բացասաբար է անդրադառնում տեղի համայնքների կենսունակության վրա։

Նյութի աղբյուրը այստեղ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed