«Արցախ, իմ սեր». Բեմադրությունը նվիրվում է Հայաստանի անկախության 25 ամյակին

Մայիսի 30-ին և 31-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Ա. Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անդրադարձել է Արարատ Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» /«Պըլը Պուղի»/ հերոսական կոմեդիային, նպատակ ունենալով ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնել Արցախի պատմության, օտարերկրյա զավթիչների դեմ ժողովրդի պայքարի, նրա նիստուկացի, հումորի, երգ ու պարի, պատմական Մազրայի ու Շուշիի մասին: Դրամատուրգը՝ զվարճաբան Պըլը Պուղու միջոցով ներկայացնում է Ղարաբաղի քաղցր լեզուն, հայ մելիքներին, որոնք իրական պատմական կերպարներ են:
Ներկայացման բեմադրիչն է Գայանե Բարսեղյանը /ԱՄՆ/, դիրիժորը՝ Արեգ Առուստամյանը, նկարիչը՝ Տաթև Հովհաննիսյանը: Բեմադրության ասիստենտներն են ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանը, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյանը:
Դերերում հանդես կգան Ավո Խալաթյանը, Բորիս Պեպանյանը, Սաթիկ Հախնազարյանը, Մարիամ Գրիգորյանը, Աշոտ Հակոբյանը, Արթուր Կարապետյանը, Վարուժան Մանուկյանը, Արթուր Գեղամյանն ու Արմեն Գասպարյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյան:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
- Previous «Դլե Յաման»-ը արտասահմանյան բեմում
- Next Ջոնի Դեփը ցանկանում է հնարավորինս շուտ ամուսնալուծվել կնոջից