Արցախում ևս կանցկացվի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը

panorama.am-ը գրում է՝

Այս տարի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլ նաև Արցախում:

Panorama.am-ի հետ զրույցում  փառատոնի հիմնադիր «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց, որ արդեն   երրորդ տարին է, ինչ Երևանում փառատոնն իր շուրջն է հավաքում բոլոր լավագույն ազգագարական խմբերին: Սեպետմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) 15 ազգագրական խումբ՝ «Ակունք», «Մարաթուկ», «Կարին»,  «Սասնա Ծռեր», «Վան», «Մշո հավքեր», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք», «Վերադարձ», «Տավրոս», «Ծովակ», «Ոստան» ներկայացնելու են ամբողջական Հայաստանի տարբեր գավառների ավանդական երգն ու պարը:

Ա. Գրիգորյանն ասաց, որ այս տարի իրեն հաջողվել է  «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնն իրականություն դարձնել նաև Արցախում, որը երգչի երազանքներից է եղել:

«Վաղուց էր որոշված, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում, փառք Աստծո, այս տարի դա մեզ հաջողվեց»,- հավելեց նա:

Երևանից  Արցախ է մեկնելու 8  խումբ, որոնց կմիանա նաև Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը:  Փառատոնը կայանալու է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Մենք Արցախում փառատոնը նույնպես դարձնելու ենք ամենամյա»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը:

Արսեն Գրիգորյանի խոսքով, այս փառատոնի հիմնական նպատակն է ավանդական երգ ու պարի պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումը, որպեսզի մեր եկող սերունդը դառնա մեր մշակույթի կրողն ու իրենցից հետո եկող սերնդին փոխանցողը:

«Պահպանենք մեր ազգային երգն ու պարը»,- ընդգծեց նա:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed