Արցախում տեղի կունենա միջազգային գիտաժողով

artsakhpress.am-ը գրում է՝

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային կառավարման գծով տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը ասել է, որ Մատենադարանի բացումը պատմական կարևոր նշանակություն ունի, և դրա պատմական իրադարձություն լինելու կարևորությունը գիտակցում էին այն մարդիկ ովքեր աջակցել են Մատենադարանի ստեղծմանը:

«Շատ կարճ ժամանակում մենք ընկալեցինք Արցախի մասնաճյուղի կարևորությունն ու անհրաժեշտությունը. այս զբոսաշրջային վայրում մենք շաբաթական ունենում ենք 1000-ից ավելի այցելու: Սա կարևոր է ոչ միայն Արցախում ստեղծված բացառիկ ձեռագրատան արժեքների, Արցախի և Գանձասար վանքի պատմությունների փաստաթղթերի միջազգայնացման առումով, այլև ներքին լսարանին ևս իրազեկելու, թե ժամանակի ընթացքում հայ ժողովրդի կողմից ինչ արժեքներ են ստեղծվել հայ հողի վրա,- ասել է Ա. Խզմալյանը և հավելել,-սա, անշուշտ, չափազանց կարևոր է թե´ մեր ինքնագիտակցության և ինքնաճանաչողության բարձրացման առումով, և թե´ Արցախ այցելող օտարազգիներին ցույց տալու համար Արցախում ստեղծված գրավոր հուշարձաններն ու կոթողները, որոնք ունեն ինչպես լուրջ գիտական-մշակութային, այնպես էլ գեղարվեստական արժեք»:

«Երևանի Մատենադարանի աշխատակիցները խմբերով եկել և աշխատել են Արցախում: Մենք հետապնդել ենք մի նպատակ` սերտացնել Մատենադարանի և Արցախի մասնաճյուղի կապը: Մեր ձեռք բերած փորձը, գիտական ներուժը, նյութատեխնիկական ռեսուրսները ներդնելով` ուզում ենք Արցախի մասնաճյուղի գործունեությունը միջազգային հարթակ տեղափոխել: Սրանք են մեր հիմնական անելիքները: Մատենադարանի աշխատակիցները Վանք գյուղից են. պետք է համալրենք աշխատակիցների թիվը: Մենք նպատակ ունենք Մատենադարանի աշխատանքներին մասնակից անել հիմնականում արցախցիներին: Ւնչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, պետք է ասեմ, որ դեռևս 3 տարի առաջ Մատենադարանն ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության պահպանման ոլորտում դարձել է բազային կազմակերպություն: Դառնալով մջազգային հարթակ` այստեղ են գալիս և վերապատրաստվում ոչ միայն ԱՊՀ-ի, այլև Բալթյան, եվրոպական երկրներից: Արցախի Մատենադարանի հետ կապված աշխատանքների հեռանկարները շատ մեծ են: Հույս ունենք, որ ԼՂՀ կառավարության ակտիվ օժանդակությամբ մենք կկարողանանք իրականացնել Մատենադարանի հետ կապված բոլոր խնդիրնեը»,-ասել է Ա. Խզմալյանը:

«Գանձասար» գիտամշակութային կենտրոնի և հանրայնացման գործունեության և միջազգայնացման պատասխանատու Արամ Թորոսյանը նշել է, որ իրենք հանդիպել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել Մատենադարանի գործունեության հետագա քայլերի և անելիքների մասին հարցեր:

«Ընթացիկ տարվա նոյեմբերին` փիլիսոփայության համաշխարհային օրվան ընդառաջ, կայանալու է «Արիստոտելյան ընթերցումներ» միջազգային գիտաժողով: Այն տեղի է նախ` Երևանում, հետո` Արցախում: Այդ գիտաժողովը ևս խթան է հանդիսանալու Արցախի միջազգային ճանաչման համար: Մենք վստահ ենք, որ այն, ինչ ստեղծվում և պահպանվում է, ունի նաև ներկայացնելու խնդիր, և դրանք հավասարազոր և համարժեք գործողություններ են: Մենք բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ևս աշխատանքներ ենք տանում»,-մասնավորապես ասել է Ա. Թորոսյանը և ընդգծել, որ ինչքան խիզախ է զինվորը, նույնքան էլ գրագետ պետք է լինի գրիչը, և նրանք պետք է գործեն միասին. քանի որ միասնաբար հանդես գալու դեպքում է հայը անպարտելի:

Տարածել`
Share

You may also like...