Արցախյան պատերազմի մասին «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը

Արցախյան պատերազմի մասին պատրաստվող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»  լիամետրաժ խաղարկային ֆիլմի երաժշտությունը գրել է համաշխարհաին ռոք-աստղ Սերժ Թանկյանը:

«Սերժ Թանկյանը կարդաց ֆիլմի սցենարը, դիտեց իմ նախորդ՝ «Թեւանիկ» ֆիլմը, եւ հանձն առավ գրել «Վերջին բնակչի» երաժշտությունը: Բնականաբար, նա տեսել է նաեւ ֆիլմի նկարահանված նյութը: Իմ կարծիքով՝ հրաշալի աշխատանք է արված՝ սիրով ու նվիրումով արված աշխատանք»,- ոգեւորությունն ու ուրախությունը չթաքցնելով ասաց Ջիվան Ավետիսյանը, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 19-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում էր ձայնագրել Սերժ Թանկյանի կինոերաժշտությունը:

Մոտ 50 րոպե տեւողությամբ ստեղծագործությունը դիրիժոր Էդվարդ Թոփչյանի  եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը: Ձայնագրման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Վերջին  բնակիչը» ֆիլմի նկարահանումները  տեղի  են  ունեցել Արցախում՝  Խաչմաչ  գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի  տեղահանված, հայաբնակ  գյուղում միայնակ մնացած մի  հայ մարդու՝ Աբգարի   մասին:  Աբգարն ապրելով թշնամական  միջավայրում, փնտրում է  իր աղջկան: Վերջինս հոգեկան  խանգարում  է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած  ամբոխը՝ Սումգայիթում, կրակների  մեջ  այրում  իր  ամուսնուն:

«Վերջին  բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության  արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ»  մշակութային  հիմնադրամի,  Հայաստանի  ազգային  կինոկենտրոնի եւ լիտվական  «Արտբոքս»  կինոընկերության   համատեղ արտադրություն է: Ֆիլմի ստեղծմանը աջակցել են շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ» եւ «Mosaic Arts & Cultural Foundation», Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները եւ   Լիբանանի պետական  համալսարանը: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի եւ սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ․ Հոմայուն Էրշադին` Իրանից,  Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Այժմ ֆիլմը հետարտադրական աշխատանքների փուլում է: Մոնտաժի, գույնի  հետ  կապված  աշխատանքներն իրականացվում են Լիտվայում, ձայնի հետ կապված աշխատանքները` Միացյալ Նահանգներում` «Alpha Dogs INQ» ընկերությունում։ Ֆիլմի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսվում է, որ այն էկրան կբարձրանա 2016 թվականի գարնանը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արցախյան պատերազմի մասին «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը”

Leave a Reply

Your email address will not be published.