Արցախի Տիգրանակերտում վաղքրիստոնեական դամբարան է հայտնաբերվել

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ կազմակերպությամբ, ս.թ. հունիսի 25-ից, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։

Հնագիտական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս և Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը`2,5 մետր:

Տիգրանակերտում արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարևոր հայտնագործությունը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արևելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է: Այն ունի արևմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերևս Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում:

Պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաև փաստագրել և պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասները:

Կարևորելով դամբարանի հայտնաբերումը` ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը քննարկում է նորահայտ հուշարձանի ամրակայման և կոնսերվացման աշխատանքների հնարավորությունը

Տարածել`
Share

You may also like...