Արցախի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի հաղթարշավն ու ադրբեջանական հիստերիան

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն օրերս կրկին միջազգային մրցանակի է արժանացել։ «Hollywood International Moving Pictures Film Festival 2016» կինոփառատոնում այն հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

BlogNews-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ այժմ Ռուսաստանում է։ Այս օրերին ընթանում է Վոլոգդայում ընթանում է VOICES կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ընդգրկված է նաև «Թևանիկը»։

Ֆիլմը նվիրված է Արցախյան շարժմանը։ Ֆիլմը Ղարաբաղի բարբառով է, ներկայացնում է Արցախի կոլորիտը: Դերասանական կազմը բավականին մեծ ջանքեր է գործադրել Ղարաբաղի բարբառով խոսելու համար: «Թևանիկում» խաղացել են Կարեն Ջանգիրովը, Սաթենիկ Հախնազարյանը, Գրետա Մեջլումյանը, Սոս Ջանիբեկյանը, Արա Սարգսյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Բաբկեն Չոբանյանը,  Մարինե Գաբրիելյանը, Վահագն Գալստյանը, Արթուր  Մանուկյանը, Նարեկ Ներսիսյանը, Նարինե Պետրոսյանը և այլք: Ֆիլմում ներկայացված է 3 պատմություն, որոնք միահյուսված են միևնույն պատերազմով։ Գլխավոր 3 դեռահաս հերոսներին մարմնավորում են Հովհաննես Խոդերյանը, Մերի Մովսիսյանը և Հենրիկ Շահբազյանը։

«Թևանիկի» հաղթարշավը հերթական հիստերիան է բարձրացրել ադրբեջանական մամուլում։ Ադրբեջանական մամուլը հեղեղված է նյութերով, որ Ադրբեջանը Հայաստանին պարտվում է ինչպես սահմանային, այնպես էլ մշակութային պատերազմում։

Ի դեպ, հուլիսի 12-ից մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը ևս Արցախի մասին է։ Ըստ ռեժիսորի՝ այս ֆիլմը տարբերվելու է Արցախի մասին պատմող մյուս ֆիլմերից։ «Վերջին բնակչի» պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի գլխավոր մրցանակը նախորդ տարի բաժին հասավ «Թևանիկին»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...