«Արտ-ֆեստ»-ն ամփոփեց իր արդյունքները

«Թատրոն 32»-ում մայիսի 22-ին տեղի ունեցավ արվեստի միաժամանակ մի քանի ոլորտներ   ընդգրկող և «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ ֆեստ» փառատոնի հիմնադիր Արմեն Մազմանյանի հիշատակին:

Փառատոնի հիմնադիր տնօրեն Էրիկ Բարսեղյանը նախ և առաջ ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին և աջակիցներին: ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնի ղեկավարն ուրախությամբ նշեց, որ փառատոնին ակտիվորեն մասնակցել են  ինչպես մարզային ստեղծագործական միավորումներն, այնպես էլ անհատ ստեղծագործողներ: Եղել է  հայտերի աննախադեպ լիություն` 155 հայտ, ավելի քան 200 մասնակից, որոնցից էլ ընտրվել և մրցանակների են արժանացնել լավագույնները:

«Թատերական արվեստ»-ի շրջանակում ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Հայաստանի թատերական գործիչների միությունում, Պետական  երաժշտական կամերային թատրոնում, ինչպես նաև «Թատրոն 32»-ում ցուցադրվել են 25 ներկայացումներ:

Փառատոնի «Կինոարվեստ» խորագրով ցուցադրությունները  մայիսի 19-21-ը ներկայացվել են «Նարեկացի» արվեստի միությունում:

«Կերպարվեստ» անվանակարգում գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, լուսանկարչության ցուցադրություններն այցելուներին  մայիսի 21-ին եղանակային փոփոխությունների պատճառով ներկայացվել են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը, որը բաղկացած է եղել պրոֆեսիոնալ մասնագետներից, ընտրել է լավագույն ստեղծագործությունները, որոնք էլ արժանացան «բրոնզե», «արծաթե» և «ոսկե» մրցանակների:

«Պարույր Սևակ» ներկայացումով Արմեն Մազմանյանի անվան մրցանակին արժանացած Կարեն Բաբաջանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և ինքնավստահություն մաղթեց բոլոր մասնակիցներին: Նա հույս հայտնեց, որ փառատոնը հաջորդ տարի ավելի մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ կունենա, քանի որ այն շատ կարևոր և գեղեցիկ միջոցառում է երիտասարդ արվեստագետների համար:
ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով ներկա էր մրցանակաբաշխությանը, շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր մասնակիցներին և ընդգծեց, որ արվեստը նորանում է նոր անունների շնորհիվ: Նա շեշտեց, որ կարևոր  է տեսնել սերնդի դիմանկարը, կարևոր է նաև այդ սերնդի մեջ տեսնել անհատականությունների,  և հենց  այս փառատոնի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել հետաքրքիր լուծումներ ստացած ստեղծագործություններ և բացահայտել նոր անուններ:

Փառատոնի հիմնադիր տնօրեն Էրիկ Բարսեղյանը  հատուկ շնորհակալագրեր հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և  շնորհակալություն հայտնեց «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի ինֆորացիոն գործընկերներին:

Հիշեցնենք, որ Երկրորդ «Արտ-ֆեստ»-ի մեկնարկը տրվել էր  մայիսի 10-ին:

Հիշեցնենք. Որ փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտելու նոր անուններ, ընդլայնելու ստեղծագործ երիտասարդների մասնագիտական  համագործակցության շրջանակը:

«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնն իր ձևաչափով տարբերվում է թատերական այլ փառատոներից, քանի որ այն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Մենք» առցանց լրատվականը փառատոնի տեղեկատվական աջակիցներից մեկն էր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Արտ-ֆեստ»-ն ամփոփեց իր արդյունքները”

Leave a Reply

Your email address will not be published.