«ԱՐՏ-ՖԵՍՏ»-ը հետաքրքրություն է առաջացրել ավագ սերնդի շրջանում . Էրիկ Բարսեղյան

Հարցազրույցը  «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի հետ:

 

Ներկայացրեք «ԱՐՏՖԵՍՏ» հանրապետականերիտասարդական բաց փառատոնը: Ովքե՞ր են կազմակերպիչները:Արվեստի ո՞ր ճյուղերն են ներկայացված փառատոնում:

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկում են «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքային սահմանում գտնվող քաղաքացիներ: «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը, որտեղ ընդգրկված են մշակութային հեղինակավոր գործիչներ, վաստակավոր և ժողովրդական արտիստներ:

Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք անցած տարի  և  ի՞նչ  ակնակալիքներ ունեք այս տարվա փառատոնից:

Նախորդ տարվա փառատոնը մեզ համար հատկանշական էր, քանի որ հայաստանյան մշակութային իրականության մեջ ծնունդ առավ ևս մեկ փառատոն, որ մյուսներից տարբերվում է նախևառաջ իր բացառիկ ձևաչափով՝ ընդգրկելով արվեստի 6 տեսակ միաժամանակ: Եվ փառատոնը, այսպես ասած, իր գոյության իրավունքը վաստակելու անհրաժեշտություն ուներ: Կարծում եմ` դա մեզ հաջողվեց` շնորհիվ մասնագիտական և աշխատանքային պատշաճ կազմի և քրտնաջան աշխատանքի: Դրա ամենախոսուն ապացույցը մասնակիցների ոգևորությունն էր և հայտատուների աննախադեպ ծավալները՝ ընդհանուր թվով 132 մասնակից: Վստահ եմ, որ այս տարի նույնպես արձանագրելու ենք երիտասարդ ստեղծագործողների բարձր մասնակցություն:

Մարզերի երիտասարդների ներգրավվածությունը ինչպիսի՞ն է փառատոնում:

Նախորդ տարի ինձ համար ոգևորիչ էր հատկապես մարզերի մշակութային միավորումների և անհատ ստեղծագործողների ակտիվ մասնակցությունը: Այս տարի,  հուրախություն մեզ, «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնին մասնակցում են արդեն պետական թատրոններ: Դա ինձ համար, որպես փառատոնի տնօրենի, շատ կարևոր է, քանի որ պետական թատրոնների մասնակցությունը խոսում է այն մասին, որ մենք հետաքրքրություն ենք առաջացրել նաև ավագ սերնդի, պրոֆեսիոնալների շրջանում:

Ի՞նչ փոփոխություններ, նորամուծություններ կան «Արտ-Ֆեստի» այս տարվա ծրագրերում:

Այս տարի «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ի կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ մշակույթի նախարարությունը, ընդառաջ գնալով մեր նպատակներին, այն է` մայրաքաղաք-մարզերի մշակութային կապի ակտիվացումը, հավանության է արժանացրել «ԱՐՏ-ՖՈՐՈՒՄ» նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում 3 օրերի ընթացքում հայաստանյան մշակութային կյանքի մի որոշ շրջանակ տեղափոխել Սիսիան քաղաք: Ինչպես գիտեք, Սիսիանը հռչակվել է 2014թ.-ի Հայաստանի երիտասարդության մայրաքաղաք: ԱՐՏ-ՖՈՐՈՒՄԸ իրականացվելու է հենց այս ծրագրի շրջանակում: Այս հանգամանքը ևս խոսում է այն մասին, որ «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը վայելում է պետական պատկան մարմինների վստահությունն ու աջակցությունը:

Անցած տարի  «Թատերարվեստ» անվանակարգում «ԱրտՖեստ»-ը «ՈՍԿԵ» մրցանակակիր չունեցավ: Այս տարվա մասնակիցներին սա մտածելու տեղիք կտա՞:

Նախորդ տարի «թատերական արվեստ» անվանակարգում մասնագիտական հանձնախումբը մրցանակ  չհանձնեց: Մասնագիտական քննարկումների ժամանակ ինձ հարցրեցին, թե ինչ կարծիքի եմ, եթե այս ոլորտում ոսկե մրցանակ չհանձեն: Ես պատասխանել եմ` «Իմ գործը փառատոնի աշխատաքները կազմակերպելն է, ստեղծագործությունների գնահատման մասնագիտական առումով որևէ միջամտություն չեմ ունենալու»: Երբեք կողմնակից չեմ եղել «ծանոթ-բարեկամին» մրցանակ շնորհելուն: Այս սկզբունքն եմ որդեգրել նաև 2008թ.-ին, երբ Բազե համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում ստանձնել էի կարմիր ճակատը առաջնորդելու գործը: Այն ժամանակ նույնպես մասնակիցներին ընտրում էի մարդկային և մասնագիտական որակական հատկանիշները հաշվի առնելով: Ինչի արդյունքում կարմիր ճակատը գրավեց առաջին տեղը: Երիտասարդներին չի կարելի հուսախաբ անել: Հետևաբար, եթե մասնագիտական հանձնախումբը որոշում է, որ թատերական արվեստում ոսկե մրցանակակիր չկա, ինձ համար դա օրենք է: Իսկ այդ փաստը կարծում եմ բոլոր մասնակիցներին լրջորեն մտածելու տեղիք տվեց: Կարծում եմ վատ չէ, երբ ավագ սերնդի սպասելիքներն ավելի մեծ են երիտասարդներից: Դա կարծում եմ, միայն ավելացնում է ոգևորությունն ու հետագայում ստեղծագործելու ավելի մեծ եռանդ է հաղորդում:

Ձեր խոսքը` ուղղված մասնակիցներին և հանդիսատեսին:

Լիահույս եմ, որ այս տարի «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը կրկին անցնելու է տոնական բարձր տրամադրությամբ՝ հատկապես որ մրցանակակիրներին հնարավորություն է ընձեռվելու մասնակցել նաև Սիսիանում կազմակերպվելիք «ԱՐՏ-ՖՈՐՈՒՄ»-ին: Այնտեղ մասնակցելու են  ճանաչված և սիրված մշակութային գործիչներ: Իսկ սա, անշուշտ, երիտասարդ ստեղծագործողներին նոր կապեր հաստատելու և փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն կտա: Ինչպես ասում են` ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ:

 

«ԱՐՏ-ՖԵՍՏ»  երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«ԱՐՏ-ՖԵՍՏ»-ը հետաքրքրություն է առաջացրել ավագ սերնդի շրջանում . Էրիկ Բարսեղյան”

Leave a Reply

Your email address will not be published.