Արվեստագետ Մայքլ Ռակովիչը Ստամբուլի բիենալեին Հայոց ցեղասպանության թեմայով նախագիծ կներկայացնի

ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Մայքլ Ռակովիչը Ստամբուլի 14-րդ բիենալեին կներկայանա նախագծով, որի թեման կլինի 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ արհեստների և ճարտարապետության ավանդույթների միջոցով։

Ցուցահանդեսը կբացվի Գալաթայի հունական դպրոցում սեպտեմբերի 5-ին և կտևի մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը: Այդ մասին հայտնում է artforum.com կայքը: Նախագիծը կոչվում է «Մարմինը ձերն է, ոսկորները՝ մերը»։

Ինչպես պատմել է արվեստագետը, գործի անվանումը գալիս է մի երեխայի պատմությունից, որին փոքր հասակում հանձնել են վարպետ արհեստավորի՝ աշակերտելու համար: Երեխան այժմ 70-ն անց թուրք Քեմալ Ջիմբիզն է, իսկ վարպետը՝ գիպսի հետ աշխատող Կարապետ Ջեզայիրլյանը, ով Ստամբուլում բազմաթիվ զարդաքանդակների և եզրազարդերի հեղինակ է:

Արվեստագետը պատմել է, որ հազվադեպ է պատահել, որ թուրքին հանձնեն հայ վարպետի։ Հայերն արհեստով զբաղվող հիմնական շերտն են եղել հասարակության մեջ։ Այդ պատճառով նրանց վերևից են նայել, քանի որ ձեռքի աշխատանքը, որը ներառում էր նաև ճարտարապետություն կամ շինարարություն, փոքրամասնությունների աշխատանք է համարվել։

Այս եզրազարդերը, սակայն, ցույց են տալիս հայ ձեռքերի և մատների հետքերը, որոնք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի լուռ վկայությունն են, ասել է արվեստագետը։ Այդ եզրազարդերը շարունակում են իրենց տեղում մնալ։ Այնպես որ գործը պարզապես հայ վարպետի մասին չէ, այն վարպետից այլ մարդու արհեստի փոխանցման մասին է։

Նախագիծը նաև անդրադառնում է Քեմալ Ջիմբիզի արհեստի և Գալաթայի հին հունական դպրոցի միջև կապին։ Հույները նույնպես այլ փոքրամասնությունների նման Օսմանյան կայսրությունում տեղահանումների և խտրականության են ենթարկվել։

Արվեստագետը պատմել է, որ ձուլվածքները պահպանվել են նաև դրանց մեջ պարունակվող կենդանիների ոսկորների շնորհիվ: Արվեստագետը հյուրերին հրավիրելու է հունական դպրոց՝ ճաշի, որտեղ մատուցելու է Ցեղասպանությունից հետո առգրավված հայկական տնտեսություններում գտնվող ընտանի կենդանիների հաջորդ սերունդների միսը։ Այնուհետև նրանք միասին կօգտագործեն այդ ոսկորները նոր ձուլվածքներ ստեղծելու համար։

Տարածել`
Share

You may also like...