«Արս լունգա» դուետը 18 ձայնասկավառակ է ձայնագրել՝ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով

«Արս լունգա» դուետը 18 ձայնասկավառակ է ձայնագրել՝ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով:

Հայկական ակադեմիական երաժշտության պահպանումն ու սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը 2011 թվականից գտնվում է այդ ուղղությամբ եզակի ծրագիր իրականացնող կողմերի՝ «Արս լունգա» դուետի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Հնգամյա ջանքերի շնորհիվ, ձայնագրվել է դուետի եւ տրիոյի համար նախատեսված 18 ձայնասկավառակ՝ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով: Այդ ինքնատիպ անթոլոգիան ներառում է 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը ներկայացնող՝ ստեղծագործական մտքի եւ կոմպոզիտորական արվեստի լայն սպեկտր: Թողարկված ձայնասկավառակներում կան ոչ միայն անվանի եւ ճանաչում ունեցող, այլեւ երիտասարդ սերունդը ներկայացնող հայաստանաբնակ եւ սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություներ: Դրանց շարքում կան այնպիսիք, որոնք դեռեւս չեն հնչել եւ հայտնի չեն լայն հասարակությանը:

«Ներկայումս ակադեմիական եւ դասական երաժշտության ծրագրերի ժողովրդականության նվազման միտում է նկատվում: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ թվային դարաշրջանն արագացնում է կյանքի ռիթմը եւ տալիս գործիքներ՝ առանց հավելյալ ջանքերի կամ ժամանակային կորստի մշակույթին հաղորդակցվելու համար: Մինչդեռ մնայուն արժեքները՝ բարձր արվեստը, այդ թվում, երաժշտությունը, խորապես հասկանալու եւ գնահատելու համար պահանջվում են ժամանակ եւ մտավոր ջանքեր: Հենց այդ պատճառով մենք պետք է պայքարենք ակադեմիական երաժշտության որակները պահպանելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երկկողմ համագործակցության արդյունքում իրականացված նախագիծը խիստ պատասխանատու է՝ հայ կատարողական արվեստի բարձրարժեքությունը սերունդներին ներկայացնելու հարցում: Դրա շնորհիվ ի հայտ են եկել կոմպոզիտորական արվեստում փայլող նոր անուններ եւ հավաքագրվել են վաղուց մոռացված նոտաներ: 2011թ.-ից իրականացվող ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 16 մլն դրամի ներդրում:

Գնահատելով «Արս Լունգա» դուետի հետ հաջողված համագործակցության արդյունքը՝ Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության նպատակով թողարկված ոսկե հուշամեդալով է պարգեւատրել ծրագրի համահեղինակներ՝ թավջութակահար Արամ Թալալյանին եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանին:

Դուետն իր կատարումներով հասցրել է նվաճել ոչ միայն հայ, այլեւ արտերկրի երաժշտասեր հասարակության սերը: «Արս լունգան» այս տարի հրավիրվել է Թբիլիսի՝ վրաց անվանի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի 90-ամյա հոբելյանական համերգին մասնակցելու համար: Իսկ մինչեւ այդ, անզուգական դուետը ներկայանում է հայ հանդիսատեսին՝ «Կոմիտաս Վարդապետ եւ Սուլխան Ցինցաձե. հայ եւ վրաց դասականների անդրադարձը ֆոլկլորին» համերգով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Արս լունգա» դուետը 18 ձայնասկավառակ է ձայնագրել՝ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով”

Leave a Reply

Your email address will not be published.