Արմին Վենգերը և հայերը

Գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր Արմին Թեոֆիլ Վեգներ մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, էսսեներով, հուշերով։ 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Սովետական Հայաստանի մասին։

Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց Ցեղասպանության ականատես։

Վենգերի հուշատախտակը՝ Ծիծեռնակաբերդում

1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։

Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։

Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն։ Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919-ին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը։

1919 թվականին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին, փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը և խարազանել արևմտյան պետություններին՝ որպես մեղսակիցների։ «1915 թ. գարնանը,— գրել է նա,— երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը…», «Չկար մեկը, որ խանգարեր … խելագարված հանցագործների գործողությունները» (Wegner А. Т., «Am Kreuzweg der Welten», էջ 224)։

1921 թվականին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը…», 1921)։

1922 թվականին հրատարակված «Ճիչ Արարատից» գրքույկում, ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, Վեգները դարձյալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը և արևմտյան տերությունների անտարբերությունը։

1933 թվականին, ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Հիտլերին ուղղած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեական ջարդերը, բանտարկվել է, նետվել համակենտրոնացման ճամբար։ 1934 թվականին փախել է Գերմանիայից և երկարատև չարչարանքներից հետո հաստատվել Հռոմում (Պերսի Էքշտայն անվան տակ)։ Վեգները մեկն է այն 250 գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել և այրվել են ֆաշիստական Գերմանիայում։

Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, նովելներ, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրությունը, եղբայրության գաղափարը, որևէ ազգի հալածանքի մերժումը։ Բանաստեղծությունների առաջին գրքույկը հրատարակվել է դեռևս դպրոցական տարիներին։ 1910 թվականին տպագրվել է «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն։

Վեգների հայրական տունը, որտեղ նա ծնվել է

Վեգները «Երկու քաղաքների միջև» (1909), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912), «Քաղաքների դիմապատկերը» (1917), «Հազար նպատակներով փողոցը» (1924) բանաստեղծությունների ժողովածուներում գերմանական գրականության մեջ ներմուծել է մեծ քաղաքի թեման։ Այդ թեման շոշափված է նաև նրա լավագույն վեպերում՝ «Խոստովանություն» (1922), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929)։ Վեգներին հետաքրքրել է արևելյան թեման։ Գերմանական գրականության մեջ նա առաջինն է ներկայացրել Արևելքն առանց վարդագույն երանգավորման՝ «Երանության տանը» (1920), «Պատանի Հուսեյնը» (1921) և այլ պատմվածքներ։ Վեգների ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում ճանապարհորդական նոթերը՝ «Աշխարհների խաչմերուկում» (1930), «Պատվի առնել» (1930, տպավորություններ Սովետական Ռուսաստանից և Հայաստանից), «Մեքենաները տափաստանում» (1932), «Որս հազարամյա երկրում» (1932)։

Գերմանիայի Բեռլին-Չարլոտտենբուրգ 16-ում գտնվող   Վեգների տան հուշատախտակը

1927-ին խորհրդային կառավարության հրավերով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկվա, մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխության X տարեդարձի հանդիսություններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին (Կարապետ Մելիք-Օհանջանյան, Հակոբ Զորյան և ուրիշներ), որոնց հետ ծանոթացել ու մտերմացել էր Բեռլինում, 1918-1920 թթ.), Երևանի համալսարանում դասախոսություններ կարդացել գերմանական նոր պոեզիայի և Հին Հունաստանի թատրոնի ու թատերգության մասին։ Միաժամանակ նյութեր է հավաքել հայերի մասին եռերգություն գրելու համար։ Գործը մնացել է անավարտ։ Տպագրվել է միայն մի հատված՝ «Պատանի Ադամը» վերնագրով։ Վեգները վերստին Հայաստան է այցելել 1968-ին։

Վենգերի տեսախցկը ամրագրել է թուրքերի կողմից իրականացրած Հայոց ջարդի կադրերը:

Գերմանացի հեղինակի կատարած լուսանկարները պահվում են նաև «Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարն»- ի պահոցում:

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed