Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
Կենսագրություն
Մշակույթի նորանշանակ Արմեն Ամիրյանը ծնվել է 1967թ.՝ Երևանում, անկուսակցական է: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, մասնագիտությամբ՝ կուլտուր-լուսավորչական աշխատանք, ունի դոցենտի գիտական կոչում:
Ազատորեն տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Զինապարտ է: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, ստացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
Որպես խրախուսանք ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ:
Աշխատել է Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես ռեժիսորի ասիստենտ, Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես հեռուստահաղորդավար:
Եղել է «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար:
2015 թվականից առ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:
1990-1995 հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումները:
1996թ. – հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է:
Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի:
2000թ. – ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը:
- Previous Առցանց տիրույթը համալրվեց. Տեղի է ունեցավԳարեգին Նժդեհին նվիրված կայքի շնորհանդեսը
- Next Մարզերում թանկացել է երաժշտական դպրոցի վարձավճարները