Արմեն Ամիրյանն աշխատակազմից յուրօրինակ գաղափարներ է ակնկալում

Աշխատանքային խորհրդակցության արդյունքի մասին խոսելով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր ակնկալիքը փոխանցեց, որ կառավարության ծրագրի լիարժեք և ժամանակին կատարումից զատ, նաև յուրօրինակ, արտասովոր գաղափարներ առաջ քաշեն նախարարության աշխատակիցները։

Խորհրդակցությունում քննարկված հարցերից էր ՀՀ կառավարության ծրագրի՝ «Մշակույթ» բաժնի կետերի կատարումն, ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։ (Լրագրողները ցանկության դեպքում կարող են դիմել և ստանալ ամբողջական ժամանակացույցը)։
Համառոտ՝ արված ու անելիք այն միջոցառումների մասին, որոնց հանդեպ առավել մեծ է հանրության ուշադրությունը։

▪️ Առաջիկայում կմեկնարկի մարզային հյուրախաղերի և արվեստագետների այցելությունների ծրագիրը. 426 նման միջոցառում է նշված արդեն կազմված «քարտեզում»։

▪️ Շնորհալի երեխաներին ու պատանիներին երաժշտական գործիքներ նվիրելու ծրագրի մասին կպատմենք առանձին։

▪️ Թանգարաններում «վիրտուալ էքսկուրսավարների» ներդրումն արդեն գործնական հիմքի վրա է. փետրվարից բջջային հեռախոսների համապատասխան հավելվածը կգործի երեք թանգարանների համար, ապա կընդգրկի նաև այլ թանգարաններ։

▪️ Երեխաների համար կբացվի Տիկնիկների թանգարան. բանակցություններն այժմ ընթանում են վայրի ընտրության շուրջ։

▪️ Ամռանը կբացվի Ստորջրյա թանգարանը. Սևանի ափին համապատասխան վայրն արդեն ընտրված է։

▪️ Նախարարության ենթակայության գրադարանների ընթերցողների համար անվճար Wi-Fi կապի ապահովումն ընթացքի մեջ է. Ազգային գրադարանն այդ կապով արդեն ապահովված է։

▪️ Պետական մասնակի կամ ամբողջական աջակցությամբ նախկինում հրատարակված և պահեստում մնացած գրականությունը բաժանվում է դրանց անհրաժեշտությունն ունեցող հաստատություններին։

▪️ Պետական գրահրատարակչական գործն առավել թափանցիկ դարձնելու համար նախաձեռնվել է հեռուստատեսային հաղորդաշար։

▪️ Անգլերեն կթարգմանվեն և լազերային սկավառակով կթողարկվեն Ռուբեն Հախվերդյանի երգերը։

Իսկ առաջիկայում իրականացվելիք երկու հետաքրքիր միջոցառումներն են՝ ի պաշտպանություն Արամ Մանուկյանի տան հանդիսություն-ակցիան և Սուրբ Սարգսի տոնի առիթով նկարիչների եռօրյա մրցույթը։

ՀՀ ՄՆ մամուլի ծառայություն

Տարածել`
Share

You may also like...