«Արթբրիջ»-ում կկայանա «Մայրենիք դրոշ» գրքի շնորհանդեսը

aravot.am-ը գրում է՝

Սեպտեմբերի 19-ին, «Արթբրիջ»-ում  կկայանա Արմեն Հայաստանցու (Օհանյան) «Մայրենիք դրոշ» գրքի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում գրողը նշեց, որ դա իր «Մայրենիք» եռագրության անդրանիկ վեպն է: Խոսելով հայ գրականության առաջ ծառացած մարտահրավերներից, հեղինակը մի դրվագ հիշեց թուրք երիտասարդ գրող Բիրգյուլ Օգուզի հետ զրույցից, ում հետ մտերմացել էր ԱՄՆ-ում: «Երբ խոսում էինք պոեզիայի ու արձակի տարբերության մասին, ասում էի՝ պոեզիան ջրի պես մի բան է:  Ինքն էլ ասում էր՝  պոեզիան երեւի անձրեւ է՝  բոլորի համար  է գալիս. կամ կթրջվես, կամ՝ չէ, իսկ արձակը գետեր են, ծովեր, լիճ կամ օվկիանոս, բայց դու պետք է մտնես էդ ջրերը, իրենք չեն գա քեզ մոտ հենց այնպես: Ես հասկացա, որ գուցե հայ արձակն էլ հենց լեռնային մի գետակ է, որը լավագույն դեպքում վերածվում է Սեւանա լճի, եւ մենք՝ ինչպես աշխարհագրորեն չունենք օվկիանոսներ եւ ծովեր, այդպես էլ արձակի մեջ չենք կարողանում հասնել օվկիանոսի: Ու դա գալիս է նրանից, որ հայ  գրողը մնում է նեղ ազգային թեմայի մեջ… Բացի դրանից, մեծ լեզուներով հեշտ է ստեղծել մեծ գրականություն, իսկ եթե դու գրում ես հայերեն, երբ աշխարհում  տպագրվող գրքերի 99,9 %-ը միջազգային խոշոր լեզուներով է՝ անգլերեն, չինարեն, իսպաներեն եւ այլն, այդ շարքում շատ հեռավոր մի կետում ես գտնվում»,- ասաց Արմեն Հայաստանցին:

Հեղինակէ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Թոմ Լոնգդոնի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed