Արել եմ իմ հոգու հանգստության համար. բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը

Ինչպես Անատոլի Գրիգորյանի նկարչությունն է՝ հարուստ, գունեղ, ջինջ, այնպես էլ իր հոգին է: Այսպես բնորոշեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ժորա Հայրապետյանը:

Գեղարվեստի ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված 30 աշխատանքները հիմնականում 2015 թվականին են արված:

«Բարի, ազնիվ, բոլորին հասնող: Նայելով իր կտավներին՝ լցվում ես բարությամբ, լավատեսությամբ: Սա շատ կարևոր է գեղանկարչության համար: Պետք է նման արվեստագետը բարձր գնահատվի: Արժանի է, որ իր անունը հնչի մեր մեծերի կողքին: Նայելով նկարներին՝ անմիջապես տեսնում ես, որ այս հեղինակին հարկավոր է ոգևորել, հնարավորություն սահմաններում օժանդակել, որպեսզի չկորչի, ավելի աճի ու զարգանա»,- շարունակելով բնութագրել Անատոլի Գրիգորյանին՝ ասաց Ժորա Հայրապետյանը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, նկարիչ Վիգեն Ղազարյանն էլ ասաց, որ Անատոլի Գրիգորյանը վառ երևակայություն ունի, ինչի արդյունքում նա ստեղծում է իր աշխարհը:

«Այս տիպի նկարիչ, անհատականություն՝ նման մոտիվներով, գունագծային հարաբերություններով, Հայաստանում չկա: Նրա նկարները կենսական էներգիա են ներշնչում, դրական էսթետիզմով են շնչում»,-ասաց արվեստագիտության դոկտորը՝ շարունակելով. «Տոլիկի նկարներում այդ աշխարհն անընդհատ վերակենդանանում է»:

Անատոլի Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ ինչպես բոլոր նկարիչները, ինքն էլ ցանկություն ունեցավ իր աշխատանքները ներկայացնել իր կոլեգաներին, հանրությանը:

«Հայաստանում ստեղծագործելու համար նպաստավոր դաշտ չկա: Ես այս ցուցահանդեսն արել եմ իմ հոգու հանգստության համար: Ցուցահանդեսի բացումից առաջ մի պահ փոշմանել էի, գտնում էի, որ իզուր է: Սակայն այսօր ուրախ եմ, որ բացվեց ցուցահանդեսը՝ ներկայացնելով իր կատարած աշխատանքը»,-ասաց նկարիչը՝ նշելով, որ իր ներկայացրած թեմաներում այնպիսի աշխատանքներ են, որոնք մարդուն մի քիչ մտածելու տեղիք են տալիս:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արել եմ իմ հոգու հանգստության համար. բացվել է Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը”

Leave a Reply

Your email address will not be published.