Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում վերսկսվել են «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի համերգները

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում վերսկսվել են «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի համերգները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել են թանգարանից, մշակութային օջախում անցկացվելու են վոկալ երաժշտության երկու համերգներ:

Սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա «Լույս» վոկալ կվինտետը՝ Հասմիկ Բաղդասարյան, Մարիամ Մաիլյան (սոպրանո), Մարինե Նազարյան, Շահանե Զալյան, Սոֆյա Կոնջոյան (ալտ) կազմով: Կհնչեն հայ և միջնադարյան հոգևոր երգեր, հատվածներ Սուրբ պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգեր՝ Կոմիտասի մշակումներից:

Հոկտեմբերի 1-ի համերգի ընթացքում կհնչեն վոկալ և օպերային գլուխգործոցներ: Ծրագրում Բելինիի, Պուչինիի, Վերդիի, Ռոսինիի, Չայկովսկու, Բորոդինի, Նարեկացու, Տիգրանյանի գործերն են: Ելույթ կունենան Հայկ Տիգրանյանը, Տիգրան Օհանյանը, Քրիստինե Սաֆարյանը, Տաթևիկ Աշուրյանը, կնվագակցի Ելենա Վարդանյանը (դաշնամուր): Երգիչները Լիտվայում կայացած միջազգային մրցույթի դափնեկիրներ են:

Դաշնամուրային երաժշտության սիրահարներին հոկտեմբերի 15-ին սպասվում է հաճելի անակնկալ: Այս համերգի ընթացքում կկատարվեն միայն Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները և փոխադրումներ նրա բալետներից:

Ելույթ կունենա Եվրոպայում շրջագայելուց հետո Երևան ժամանած տաղանդավոր դաշնակահարուհի Կարինե Պողոսյանը, ով ապրում է Նյու Յորքում: Դաշնակահարուհին այնտեղ ձայնագրել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների խտասալիկը և այժմ կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեցնի նրա տուն-թանգարանում:

Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Մշակութային օջախում պարբերաբար կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:

Տարածել`
Share

You may also like...