Արագածոտնի մարզում տեղի ունեցավ «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնի փակումը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է «Էպոսյան օրեր»ամենամյա փառատոնը: 2013 թվականից այն անցկացվում է հանրապետական ձեւաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառմանը կպարգեւատրվեն շարադրությունների մրցույթի հաղթողները, կատարումներով հանդես կգան էպոսասացության մրցույթի հաղթողները և լավագույն ասացողները, ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ:
Փառատոնի շրջանակում, ՀՀ մարզերում տեղի են ունեցել էպոսասացության մրցույթներ, իսկ Գավառի երկրագիտական թանգարանում` մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են դպրոցականներ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իսկ «Ես եւ էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում: Ծրագրի մաս են կազմել նաեւ «Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» թեմայով դասախոսությունը եւ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը, որն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ զորամասում:
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը կարեւորվում է էպոսի հանրահռչակման, մանուկների ու պատանիների ազգային, հայրենասիրական դաստիարակության առումով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

 

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed