Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի»-ն կլանված դիտում էր ողջ դահլիճը

Դեկտեմբերի 4-ին Երևանի Պատանի Հանդիսատեսի պետական թատրոնում կայացավ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա ստեղծված ներկայացումը: Ներկայացմանը մասնակցում էր «Պոեզիայի թատրոն»-ի պարային խումբը: Աբու-Լալա Մահարիի դերակատարն էր Արթուր Սարգսյանը:

Ինչպես և նույնանում պոեմում, այստեղ նույնպես ներկայացված էին գլխավոր հերոսի մտորումները կյանքի վերաբերյալ: Դժվար է ասել, թե ինչն էր ստիպել Ավետիք Իսահակյանին գրել «Աբու-Լալա Մահարի»-ն, սակայն այդ պոեմում արտահայտվում են ամեն մեկիս կասկածներն ու վախերը: Ցանկացած ստեղծագործություն առավել լսելի և զգալի է դառնում այն լավ ներկայացնելու դեպքում: Այս պոեմը բացառություն չդարձավ:

Արթուր Սարգսյանի խոսքը, դերասանական խաղն ու երաժշտական կողմը այնքան շոշափելի էին դարձնում Իսահակյանի խոսքերը, որ, երևի թե դահլիճում նստածներից յուրաքանչյուրն իր մաշկի վրա էր զգում Աբու-Լալայի ապրումները: Փայլուն ներկայացված մենախոսություններին հաջորդում էին «Պոեզիայի թատրոն»-ի պարային խմբի կողմից ներկայացված ուղտերի քարավանի մեղմիկ շարժումները: Բոլոր էլեմենտների ճիշտ համադրումը ստեղծում էր մեկ այլ իրականություն, որտեղ տեղ չունի քողարկված ճշմարտությունն ու անպատասխան հարցերը, որտեղ մարդիկ չեն շողոքորթում մեկը մյուսին, ելնելով սեփական շահերից, որտեղ «ընկերությունը» պարզապես շահավետ երկկողմանի գործարքի չի նմանվում:

Դահլիճում տիրող լռությունն ու մենախոսություններով կլանված մարդիկ չէին համարձակվում կտրել սեփական մտքերի ընթացքն անգամ կարճ շշուկներով: Բոլորն էլ ուշի ուշով հետևում էին, թե ինչպես էր «ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը, թռչում անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը»:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...