Ավարտվեց Հայկական մշակույթի շաբաթը Տոկիոյում

Մայիսի 9-14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Այս մասին հայտնում է  .panorama.am-` հղում տալով ՀՀ ԱԳՆ-ին: ըստ աղբյուրրի`   մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մշակութային շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, լուսանկարչական ցուցահանդես, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ:

Ցուցադրվել են հայտնի արվեստի գործիչներ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների աշխատանքները:

Մայիսի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաև «Հայկական երաժշտության երեկո» երաժշտական միջոցառումը, որին մասնակցել են նաև «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան, Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը:

Մայիսի 12-ին տեղի է ունեցել «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինար, ինչպես նաև «Քանոն+կոտո» համերգ, որին հայկական և ճապոնական երաժշտական կատարումներով հանդես են եկել քանոնահար Մերի Մուսինյանը և կոտոիստ Ջունկո Իշիվատան: Միջոցառմանը ներկա են եղել մեծ թվով հանդիսատեսներ՝ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, երաժշտասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 13-ին տեղի է ունեցել «Հայկական գինիներ» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ճաշակելու հայկական արտադրության տարատեսակ գինիներ և հայկական խորտիկներ:

 

Նյութի աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...