Ավագ Ուրբաթ. Օրը Հիսուս Քրիստոսի խաչելության

Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Աշխարհում շատ հուշարձաններ են կանգնեցվել, որոնք մարդկանց սիրո դրսևորումներն են։ Իսկ Խաչը միակն է, որ կանգնեցվեց մարդկանց չարության արդյունքում։ Խաչելության պատմության մեջ հանդիպում են մարդկային չարություն ու Աստծո սերը։

Պարադոքսն այն է, որ երբ մարդը Հին Կտակարանի պատմության մեջ մեղքեր էր գործում, Աստված չէր ներում, քանի որ օրենքի իշխանության տակ էին։ Իսկ երբ մարդը գործեց ամենածանր մեղքը՝ սպանեց Աստծո Որդուն, Աստված ներեց։ Մարդը չփոխվեց, փոխվեց Աստծո վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Ուստի փրկությունն Աստծո սիրո արդյունքն է։

Քրիստոսի մահվան իրականության մեջ կա մի բան, որ միայն Իրեն է պատկանում. մենք փրկվեցինք Քրիստոսի մահով ո´չ թե նրա համար, որ այդ մահը դաժան էր, այլ որ Հիսուս Նազովրեցին չէր կարող մեռնել:

Խաչելությունից հետո Քրիստոսին թաղեցին, քանի որ մոտենում էր շաբաթը։ Հովսեփ Արևմաթացին վերցրեց Հիսուսի մարմինը և դրեց գերեզմանում։ Հովսեփը Հիսուսի կենդանության ժամանակ կարծես ոչինչ չարեց Քրիստոսի համար, բայց արեց անհնարինը Նրա մահից հետո։ Հիսուսի խաչելությունն ու մահն ավելի մեծ ազդեցություն ունեցավ նրա կյանքում, քան Տիրոջ կյանքը։ Այսօր էլ շատերիս համար Հիսուսի խաչն ու մահն ավելին է, քան Նրա կյանքը։

Որպեսզի վստահ լինեին, որ Հիսուս այլևս չկա, հրեա առաջնորդները որոշեցին զինվորներ կարգել՝ հսկելու գերեզմանը։ Չէին հասկանում, որ աշխարհում չկա այնպիսի գերեզման, որը կկարողանար փակված պահել Տիրոջը։ Իսկ այսօր Տիրոջ թափուր գերեզմանը խոսուն վկայությունն է Նրա հարության։

Քրիստոս սովորեցրեց ոչ միայն ապրել, այլ նաև մեռնել։ Խաչի վրա Քրիստոս կարծես դիմում է ամենքիս. «Այս ամենն արեցի ձեզ համար, իսկ դուք ի՞նչ արեցիք Ինձ համար»։

Հեղինակ` Տեր Եսայի քահանա Արթենյան

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...