Առաջին հայ ֆիդայի Արաբոյի ցեղից եմ

Աշխարհի բոլոր անկյուններում ապրող յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա Արեւմտյան Հայաստանում 1915-ին նախորդող ու հաջորդող թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը թողել է իր ուրույն հետքերը: 
Բարեշնորհ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ նախնիները եւս, մազապուրծ լինելով Սասունից ու Մուշից, գաղթել են դեպի Արեւելյան Հայաստան, այն հույսով, որ վաղն ամեն ինչ կավարտվի, եւ կվերադառնան իրենց տուն, սակայն այդ «վաղն» այդպես էլ չեկավ, նույնիսկ` 100 տարի անց: Իր նախնիների կարոտը փարատելու համար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը 1988 թվականին հիմնեց «Սասուն» ազգագրական երգի պարի համույթը, հետո մարզային ու քաղաքային շատ այլ ազգագրական խմբեր, իսկ 3 տարի առաջ էլ, Գարիկ Առաքելյանի հետ` «Գաթա» բենդը:

«ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՖԻԴԱՅԻ
ԱՐԱԲՈՅԻ ՑԵՂԻՑ ԵՄ»

«Հայրական կողմս Սասնո Կորտեր գյուղից է` առաջին հայ ֆիդայի Արաբոյի ցեղից: Իսկ մայրական կողմս` Մշո Բլանուխից են: Մեր ցեղում ունեցել ենք հոգեւորականներ եւ մեզ ասել են` կարմիր իրցու տուն, այսինքն` կարմիր երեցի տուն, որովհետեւ հոգեւորականներից մեկն ունեցել է կարմիր մորուք: Վերջերս իմացա, որ կարմիր երեցի քահանաներից մեկն ունեցել է 40 զավակ, որոնք բոլորն էլ Ցեղասպանության հետեւանքով սփռվել են աշխարհով մեկ: Մեր տոհմածառի հետ կապված պրպտումներ էի անում, որ գտնեմ մեր ակունքները, հետո իմացա, որ նրանցից մեկի աղջիկը ապրում է Ապարանում: Մի օր միայն առիթ եղավ հանդիպենք ու խոսենք եւ չկարողացանք երկար զրուցել, ես ցանկացա կրկին հանդիպել, նկարահանել, սակայն նրա առողջական վիճակն արդեն այն չէր»,- պատմեց Ա. Մանուկյանն ու շտապեց տեղեկացնել, որ իր երկու կողմի նախնիներն էլ իրենց հողում ու ծննդավայրում ապրել են շատ խաղաղ, հատկապես` սասունցիները, որոնք, ըստ նրա, ունեցել են հետաքրքիր կենցաղ. «Սասունցիներն իրենց սասնո լեռներում փակ են ապրել այն կարգի, որ չեն ցանկացել, ասենք, Մուշից աղջիկ հարս բերեն իրենց տուն, կամ` հարս տան այնտեղ: Կարծում էին, որ ուրիշ մարդ պետք է իրենց կենցաղ չմտնի, դա համարում էին հարամ, որովհետեւ իրենց սովորույթը, նիստուկացը, առօրյան պետք է մնար մաքրամաքուր»,- բայց Սասնո լեռներն ու մաքրամաքուր ավանդույթներն անգամ ի զորու չեն եղել պաշտպանելու նրանց թուրքի դաշույնից: Ինչեւէ, շարունակելով գերդաստանի պատմությունը` Ա. Մանուկյանը մեջբերում է. «Չարաբաստիկ 1915 թվականից` կոտորածից հետո մերոնք` 28 տնտեսություն, գաղթել են նախ` Էջմիածին, այնտեղ չհարմարվելով` եկել են Ուջան, այնտեղ նույնպես չհարմարվելով` գնացել են Արուճ, հետո հաստատվել են Թալինում` Արագածի փեշերին, թե այդտեղ էլ Սասնո լեռների նման է ու միամտորեն մտածելով, որ շուտով կավարտվի, կգնան հետ: Տատս որ նեղվում էր, պատմում էրգրից, ասում էի` տատ ջան, դե, մենք էլ հիմա Թալինում, Արագածի փեշին ենք ապրում, նույն սար ու ձորն է… Ասում էր` չէ, լաո, ինչ ես ասում, մեր Սասունի քարերը, հողն ու ջուրը ուրիշ է, չես պատկերացնի, թե ինչ էրգիր էր… Հետագայում, երբ ինքս գնացի ու իմ աչքով տեսա այդ ամենը, արդեն հասկացա տատիս մղկտոցը»:

ՄՈՐԱԿԱՆ ՏԱՏԻՆ ՓՐԿԵԼ Է
ՄԻ ՔՈՒՐԴ`
ՄԻ ՍՈՒՐՈՒ ՈՉԽԱՐԻ ՀԵՏ

Մայրական կողմից Մշո Բլանուխ գյուղից փրկվել է միայն տատիս մայրը. «Մայրիկի կողմից էլ փրկվել է միայն տատիկիս մայրը` տատի Նազենը: Նա Արեւմտյան Հայաստանում ճանաչված հեքիմ է եղել, ասում են արաբներից է սովորել: Պատմում էր, թե երբ ջարդը սկսվում է, պապն անհետ կորչում է, իսկ տատն էլ հղի է լինում: Նրա կյանքը մի քուրդ է փրկում` 100-150 գլուխ մի սուրու ոչխարը քշել է դեպի Արազը, տատիս Ախուրյանի կողմից անցկացրել է սահմանն ու հետ գնացել: Տատի Նազենը եկել հասել է Արթիկ` Հոռոմ գյուղի մոտ, ու այդտեղ ծնվել է իմ տատի Հոռոմը, ումից էլ սովորել եմ երգ ու խաղը, իսկ հեքիմությունից, ցավոք, ոչինչ գրի չենք առել: Այն ժամանակ չէի մտածում` գրի առնեմ, ինձ թվում էր` տատս ու բոլոր մեծերը միշտ պետք է լինեն իմ կողքին: Հիշում եմ, որ տատս ասում էր` լաո, կմեռնիմ, կմնաք կարոտով… Իրոք, հիմա կարոտով ենք մնացել իրեն ու իր պատմվածքներին, երգերին…»,- ափսոսանք է հայտնում Ա. Մանուկյանն ու հավելում. «Հոռոմ տատս այստեղ հանդիպում է պապիս, ով այդ ժամանակ պատկառելի տարիքով է լինում տատիցս, բայց նրանք ամուսնանում են, երեխաներ ունենում, հետո պապս իր եղբայրների հետ գնում են Հայրենական պատերազմ ու չեն վերադառնում»:

«ՄՈՒՇՈՒՄ ՄԻ ԹՈՒՐՔ
ԳԵՐԵԶՄԱՆԸ ՔԱՆԴԵԼ,
ՈՍԿՈՐՆԵՐԸ ՔՐՔՐՈՒՄ,
ՈՍԿԻ ԷՐ ՄԱՆ ԳԱԼԻՍ»

Ու թեեւ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հաճախակի է պարի խմբերի հետ գնացել Արեւմտյան Հայաստան, բայց ամենից շատ տպավորվում է վերջին այցը ու խոստովանում` այնտեղ է զգացել, թե ինչու էին նախնիներն այդչափ ափսոսում իրենց կորցրած Էրգրի համար. «Ժամակ առ ժամանակ պարի խմբերով գնում էի Արեւմտյան Հայաստան, ու մտածում էի, որ այդ կարոտն է իրենց ձգում ու ցավ տալիս: Բայց տարիներ առաջ որոշեցի, որ «Սասուն» ազգագրական խմբով գնանք, շրջագայենք ու ֆիլմ նկարահանենք: Այդ ընթացքում իհարկե երգերի բանահավաքությամբ զբաղվեցի, երգեր ձայնագրեցինք, մի խոսքով` նախապատրաստվեցինք, ու ինքս իմ մեջ ասում էի, պիտի խմբով գնամ, նկարահանեմ, օրինակ` Մշո բլանուխցիների գովք-երգը իրենց տարազով ու հենց իրենց տարածքում երգեմ ու նկարեմ: Այդպես, երբ ամեն ինչ պատրաստ էր, ուղեւորվեցինք դեպի Արեւմտյան Հայաստան: Գնալուց առաջ երեխաներին ասացի` փառատոնի չենք գնում, ու ճանապարհին հնարավոր է մեզնից մեկը չլինի: Սկզբում չէին հասկանում, զարմացած նայում են աչքերիս, թե Մանուկյանը գժվել է…»,- հիշում է Մանուկյանն ու պատմում իրենց գլխով անցած դժվարությունները, բայց նաեւ հպարտությամբ փաստում, որ հոջողվել է նպատակն իրականացնել, նկարահանել ֆիլմ. «Նպատակն այն չէր, որ գնայինք գյուղերը ման գայինք, այլ ինչ հասցնեինք` նկարեինք: Մեզ հետ 2 պրոֆեսիոնալ տեսախցիկ ու 6 մետրանոց նկարահանման կռունկ էինք տարել: Ասում են` գնանք պատմությունը քրքրենք, տեսնենք իսկապես 1915-ին եղե՞լ է Հայոց ցեղասպանություն… 21-րդ դարում փաստը մնում է փաստ, պատմաբան, թուրքագետ, դիվանագետ պետք չի. շահի համար մարդն ինչ ասես անում է: Ես փաստ եմ նկարել Մուշում, մի թուրք գերեզմանը քանդում էր, ոսկորները քրքրում, ոսկի էր ման գալիս, տեսավ` նկարում եմ, բահը դրեց այն կողմ ու գնաց: Հիմա հիշում եմ ու ապշում. այդ թուրքը կարող էր բահով վնասել ինձ ու գցել գերեզմանը, չէ որ փաստ էի նկարում…»:

ՄՇՈ ԲԼԱՆՈՒԽԻ ՏԵՂԸ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԻՃ ՍԱՐՔԵԼՈՎ` ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԵՏՔԵՐԸ

Սակայն Դավթի բերդում ամեն ինչ այլ կերպ է ընթացել, հանդիպել են Սահմանապահ զորքերին, բայց դա էլ են հաղթահարում ու հաջողացնում նկարահանումները. «Մինչ տղաները տեխնիկան են բարձրացնում այդ բարձր սարի վրա, ես պառկել եմ ու մի պահ ոչ ուզում եմ նկարել, ոչ շարժվել ու տատիս խոսքերը հիշեցի, այնպիսի հետաքրքիր ապրումներ ունեցա նույնիսկ մոռացա, որ 2 ժամ առաջ Սահմանապահ զորքերի մոտ կանգնած` մտածում էինք` Աստված, ի՞նչ կլինի մեր վերջը… Մի խոսքով, բախտ վիճակվեց Դավթի բերդի վրա էլ Յարխուշտա պարել ու նկարել: Իսկ Մշո Բլանուխում բան չէր մնացել, մի հատվածի վրա կանգնեցինք, որտեղ ողջ տարածքը ջրի տակ էր, կիսատ տներ էին երեւում ջրի տակից: Հասկացանք, որ քանդում են այդ գյուղերը, արհեստական լիճ սարքում, իբրեւ այստեղ ո՛չ հայկական գյուղ է եղել, ո՛չ հայեր են ապրել: Հենց այդ ֆոնի վրա նկարեցինք «Մշո գովք» երգը, նկարեցինք, վերջում էլ` քրդի մի լամուկ խփեց մեր ավտոբուսի ապակին կոտրեց: Աղթամարում էլ պսակ արեցինք… Ինչեւէ, մեծ դժվարություններով, բայց հաջողվեց նկարահանել «Տեր ողորմեա» ֆիլմը»,- վերհիշելով պատմեց Ա. Մանուկյանն ու խոստովանեց. «Դրանից հետո առիթներ շատ են եղել, բայց չեմ գնացել, չգիտեմ` ինչու… Գուցե նրանից, որ այդտեղ ավելի լիարժեք հասկացա տատիս, մեր մեծերին, իրենց ցավ ու դարդը, հասկացա, որ իրենք իրենց ծննդավայրի հող ու ջրի համար էին ցավում»:
Ա. Մանուկյանը խոստովանեց, որ ուխտ է արել. «Երեխաներս  մկրտված չեն, նպատակ եմ դրել նրանց մկրտել Աղթամարում»:

 

Զրուցեց  Լիլիթ Եղիազարյանը

Աղբյուրը` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed