Անցնում է մի սերունդ, գալիս է ուրիշ սերունդ, իսկ երկիրը հավերժ է. Էռնեստ Հեմինգուեյ (տեսանյութ)

  • Նա նայում էր աչքերիս մեջ այնպես, ինչպես նա գիտեր նայել, այնքան, մինչև սկսում էր թվալ, թե դա նրա աչքերը չեն արդեն: Նրա աչքերը նայում էին, նայում այնքան, ինչքան որևէ այլ աչքեր աշխարհում չէին կարող նայել: Նա նայում էր այնպես, ասես աշխարհում չկար մի այնպիսի բան, որին չհամարձակվեր նայել, մինչդեռ իրականում նա կյանքում շատ ու շատ բաներից էր վախենում:
  • Շատ հեշտ է անզգա լինել ցերեկը, իսկ գիշերը դա հնարավոր չէ:
  • Ես միշտ որոշ թերահավատությամբ եմ վերաբերվում բոլոր պարզ և անկեղծ մարդկանց, մանավանդ, եթե նրանց իրենց մասին պատմածները շատ հավանական են թվում:
  • Չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կյանքը գնում է, ու չես կարողանում ապրել լիքը կյանքով:
  • Անցնում է մի սերունդ, գալիս է ուրիշ սերունդ, իսկ երկիրը հավերժ է…Ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է…Փչում է քամին հարավ, փչում է հյուսիս, պտտվում, պտույտ տալիս ու դառնում ի շրջանս յուր… Դեպի ծով են հոսում բոլոր գետերը, իսկ ծովը դուրս չի գալիս իր ափերից, քանզի վերադառնում են գետերն այնտեղ, որտեղից սկիզբ են առնում ու նորից հոսում:

«Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»

Էռնեստ Հեմինգուեյը 20-րդ դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից է, կարճ պատմվածքի սկզբնավորողներից:

Գրողը ծնվել է 1899 թվականի հուլիսի 21-ին: 1917 թ-ին ավարտել է դպրոցը և որպես լրագրող աշխատել Կանզաս Սիթիի «Սթար» պարբերականում: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.): Հետպատերազմյան տարիներին գործուղվել է Փարիզ. եղել է «Տորոնտո Դեյլի Սթար» պարբերականի թղթակիցը Եվրոպայում:

1925 թ-ին լույս տեսած «Մեր ժամանակներում» կարճ պատմվածքների գրքում հայտնվում է Հեմինգուեյի քնարական հերոսներից առաջինը՝ գլխավոր հերոս Նիկ Ադամսը, որը, անցնելով պատերազմի արհավիրքներով, ստեղծագործության ողջ ճանապարհին ուղեկցելու է նրան: Գրքում պատկերված է XX դարի սկզբի երիտասարդ ամերիկացիների աշխարհայացքի ձևավորումը դաժան իրականության ու մահվան սարսափի պայմաններում: Նույն գրքի հաջորդ հրատարակության (1930 թ.) մեջ տեղ է գտել նաև «Զմյուռնիայի նավահանգստում» պատմվածքը, որտեղ Հեմինգուեյը զարհուրանքով խոսել է 1922 թ-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ Զմյուռնիայում թուրքերի կազմակերպած քրիստոնյա բնակչության՝ հայերի և հույների կոտորածների մասին:

Հեմինգուեյի համար բարոյականության չափանիշ են քաջությունն ու արժանապատվությունը, որոնք էլ արտացոլված են «Անպարտելին» (1925 թ.) պատմվածքում և «Տղամարդիկ առանց կանանց» (1927 թ.) ժողովածուում:

Գրողը հռչակվել է «Հրաժեշտ զենքին» (1933 թ.) հակապատերազմական վեպով, որտեղ արտացոլել է կամավոր պատերազմ մեկնած ամերիկացու՝ Ֆրեդերիկ Հենրիի հոգեկան ճգնաժամն ու խեղված ճակատագիրը:

Հեմինգուեյը 1930-ական թվականներին ստեղծագործական խոր ճգնաժամ է ապրել. փորձել է վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործական գեղագիտական սկզբունքները: Այդ շրջանում հրատարակվել են «Մահ կեսօրից հետո» (1932 թ.) աշխատությունը, «Ֆրենսիս Մաքոմբերի երջանկությունը» (1936 թ.), «Կիլիմանջարոյի ձյուները» (1936 թ.) մեծածավալ պատմվածքները: «Ունենալ և չունենալ» (1937 թ.) վեպի թեման դաժան իրականության մեջ գլխավոր հերոսի՝ Հարրի Մորգանի ճակատագիրն է, սեփական իրավունքների համար պայքարող անհատի դատապարտվածությունը:

1937–40 թթ-ին Հեմինգուեյը թղթակից էր Իսպանիայում: Իր հոդվածներում անդրադարձել է իսպանական հեղափոխությանը, հանդես եկել հակաֆաշիստական ելույթներով: «Ում համար է ղողանջում զանգը» (1940 թ.) վեպում պատկերել է Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հերոսի՝ Ռոբերտ Ջորդանի կյանքը:

համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո Հեմինգուեյի ստեղծագործություններում նկատվել են անկումային տրամադրություններ: Այդ տարիներին գրել է «Գետից այն կողմ, ծառերի ստվերում» (1950 թ.), «Տոն, որ միշտ քեզ հետ է» (1964 թ.) վեպերը, «Կղզիներ օվկիանոսում» (տպագրվել է 1970 թ-ին) անավարտ վեպը:

Մարդու նկատմամբ հավատը գրողն ամրապնդել է «Ծերունին և ծովը» (1952 թ., արժանացել է Պուլիցերյան՝ 1953 թ., և Նոբելյան՝ 1955 թ., մրցանակների) պատմվածքում, որտեղ պատկերել է բաց ծովում մենակ մնացած մարդու պայքարը բնության արհավիրքների դեմ: Ծերունու կերպարը խորհրդանշական է. աշխարհում միայնակ մարդու պատմություն է, որը բախվում է անարդարությունների, սակայն պայքարում է հանուն լուսավոր ապագայի:

Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը բնակվել է Կուբայում: Ապրելով հոգեկան խոր ճգնաժամ՝ 1961 թվականի հուլիսի 2-ին ինքնասպան է եղել:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed