«Անուշի» չկայացած ներկայացման ծաղիկները երգիչները ստացան Օպերայի բակում

Փետրվարի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսը «Անուշ» օպերան այդպես էլ չտեսավ, քանի որ թատրոնի անձնակազմը որոշել էր բոյկոտել ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը և բեմ դուրս չէր եկել:

Պատճառը մեկն էր. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել էին նաև թատրոնի այն  աշխատակիցները, որոնք 1974-ից հետո են ծնվել, և որոնց աշխատավարձերը ենթակա չեն պարտադիր 5% գանձման։

Օպերայի բակում թատրոնի  բոյկոտող աշխատակիցներին էին միացել նաև այն մարդիկ, որոնք 19:00-ին եկել էին դիտելու «Անուշ» օպերան: Չնայած նրան, որ ներկայացմանը հանդիսատեսն այդպես էլ ականատես չեղավ, բայց ողջունեց դերասանների քայլը, վանկարկեց «բրավո, բրավո» և դերասաններին նվիրեց այն ծաղիկները, որ պատրաստվում էր տալ ներկայացումից հետո:

Թատրոնի աշխատակիցներին աջակցելու էին եկել  «Դեմ եմ» թիմի անդամները, որոնք կոչ արեցին բոլոր քաղաքացիներին հետևել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների օրինակին՝ թույլ չտալով իրենց աշխատավարձերից գանձել 5% կուտակային վճարը:

Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ և բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչև խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միևնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Անուշի» չկայացած ներկայացման ծաղիկները երգիչները ստացան Օպերայի բակում”

Leave a Reply

Your email address will not be published.