Անկախության տարիների ընթացքում մոտ 500 գրադարան է փակվել Հայաստանում

Հայաստանում 1990 թ.-ից մինչ օրս փակվել է 500 գրադարան. այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշել է Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը` նշելով, որ դրանք հիմնականում համայնքային գրադարաններն են:

«Վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում համայնքային գրադարաններին, որովհետև վերջին տարիներին դրանք գտնվում են մեղմ ասած ոչ ցանկալի վիճակում: 1990 թվականից հետո գրեթե 500 գրադարան է փակվել: Եղածները գտնվում են անհուսալի և խեղճ վիճակում: Նախ՝ վատ են գրադարանային պայմանները, շենքերը վերանորոգված չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, դրանից բացի գրադարանները տարիներով չեն համալրվում»,-ասել է Հասմիկ Ղազարյանը:

Նախկինում հանրապետությունում հաշվառվել է 1315 գրադարան, և երբ 1996 թվականից գրադարանները հանձնվեցին համայնքային կառույցներին, սկսվեց դրանց թվի տարեցտարի նվազման գործընթաց:

«Գրադարանների պահպանման հարցը տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ներքո է, իսկ փորձը ցույց է տալիս, որ դա չի արդարացնում, տեղական մարմինները չեն կարողանում գրադարանները պահել: Եվ դա միայն ֆինանսականի հետ կապված չէ: Մենք ունենք հրաշալի օրինակներ, երբ համայնքներում գրադարանները գործում են ու լավ վիճակում են: Բոլոր համայնքների ղեկավարները չեն, որ ի վիճակի են գնահատել գրադարանի դերը»,-ասել է նա:

Այն հարցին թե միգուցե նաև ընթերցողի պակաս կա, Հասմիկ Ղազարյանը նշել է, որ այո նման խնդիր կա, բայց գրադարանը չի համալրվում, հետևաբար ընթերցողների թիվը կնվազի: Գրադարան կա՝ 10 տարի չի համալրվել, եղած գրականությունն էլ մաշվել է: Նրա խոսքով, համայնքային գրադարաններին պետական ուշադրություն է անհրաժեշտ:

 

Նյութի աղբյուրը՝  iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed