Անկախության վերականգնման հանրաքվեի քվեաթերթիկը

Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

 Կարծում եմ, 1991-ի սեպտեմբերի 21-ը պետք է ընկալվի և նշվի որպես Հայաստանի Անկախության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ տոն, քանի որ անհերքելի փաստ է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել դեռևս 1918-ի մայիսի 28-ին: «Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով» (մեջբերումը՝ հայկական Վիքիպեդիայից)։ Ուրեմն, արդյո՞ք տրամաբանական է Հայաստանում միաժամանակ ունենալ և Հանրապետության տոն (28-ը մայիսի), և Անկախության տոն (21-ը սեպտեմբերի): Ի դեպ, հարևան Վրաստանում այդ առումով շատ ավելի պարզ և ռացիոնալ է՝ կա միայն 1918-ի մայիսի 26-ի պետական տոնը, որն այդպես էլ անվանվում է՝ Վրաստանի Անկախության տոն՝ և վերջ:

Եկեք մեկ անգամ ևս ուշադիր կարդանք այն հարցադրումը, որը հստակ դրված է եղել 1991-ի հանրաքվեում. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը եղել էր, կար, ուղղակի այն ստիպողաբար հայտնվել էր մեզ համար ոչ ցանկալի մի իմպերիայի կազմում, որին էլ մենք վճռական ՈՉ ասացինք և մերժեցինք 1991-ին՝ կրկին վերագտնելով մեր ազատ ապրելու իրավունքն ու անկախությունը: Սա է եղել Հայաստանի անկախ պետականության վերականգնման խորհուդը 1991-ի սեպտեմբերի 21-ին, և եկեք գոնե այն այլակերպված չթողնենք մեր ապագա սերունդներին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed