Անդրեյ Մալախովը ցուցմունք է տվել Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ ընտանեկան սկանդալը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ութսուներկուամյա Ջիգարխանյանի ընկեր Արամ Հակոբյանը, որը շատ մտերիմ է եղել զույգի հետ, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում նոր մանրամասներ է ներկայացրել ամուսինների ընտանեկան դրամայի վերաբերյալ:
«Վստահ եմ, որ Վիտալինան նախապատրաստվում էր Ջիգարխանյանի հետ ամուսնալուծությանը, ծրագրում էր՝ ինչպես տիրանա նրա ունեցվածքին ու փողերին: Ջիգարխանյանը վաղուց էր Վիտալինային հոգնեցրել»,-պատմել է Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը որոշել է ցուցմունք տալ Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու ու անձնական բնույթի տեսանյութերը տարածելու համար մեղադրվող Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ սկսված հետաքննության շրջանակում:
«Վիտալինան պնդում էր, որ տեսանյութերը չի տվել հեռուստատեսությանն ու իբր դա ինչ-որ այլ մարդ է արել: Բայց ինձ հայտնել են, որ հաղորդավար Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, որտեղ նա ցուցմունք է տվել՝ նշելով, որ հենց Վիտալինան է իրեն հեռուստաեթերի համար տեսանյութեր բերել՝ դրանց դիմաց վարձատրություն ստանալով»,-ասել է Հակոբյանը:
Նա հավելել է, որ Ջիգարխանյանի անձնական տեսանյութերից մի քանի հատ իր մոտ կա: Դրանք Հակոբյանին Վիտալինան էր ուղարկել:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:
Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:
Նյութը ներկայացվեց առանց խմբագրման
Աղբյուրը` tert.am-ի
- Previous «Պրոստոկվաշինո» մուլտսերիալը փոքրիկներին կներկայան նոր կերպարներով
- Next Դեր Զորի հուշահամալիրը կվերակառուցվի