Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը մեկ ամսում ունեցել է 150 հազար այցելու

panorama.am-ը գրում է՝

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն մեկ ամսում ունեցել է 150 հազար այցելու: Ռիա նովոստիին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:

«Օգոստոսի 29-ի առավոտյան տվյալնեով Այվազովոսկու ցուցահանդես այցելել է 147,383 մարդ»,- ասել են թանգարանից:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին: Օրական ցուցահանդես է այցելում միջինը 3-5 հազար մարդ, հիմնականում՝ առավոտյան ժամերին: Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 20-ը:

Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ  Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed