Այս տարին հագեցած կլինի Հ. Թումանյանին նվիրված միջոցառումներով

Մեկնարկում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչեւ 2019 թվականը: Միջոցառումների շրջանակում գարնանը Թումանյանի ծննդավայր Դսեղում կստեղծվեն մեծաքանակ քանդակներ, որի ընթացքում երիտասարդ քանդակագործները հնարավորություն կունենան ստեղծել ու հանրությանը ներկայացնել թումանյանական հերոսներին:

 ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ խոսքով` այս ամենից զատ, ամռանը թումանյանական թեմայով կանցկացվի երիտասարդ նկարիչների մրցույթ. «Հրատարակվելու են բազմաթիվ գրքեր, հրատարակչական ալբոմներ»,-նշեց Ա. Ամիրյանը եւ նկատեց, որ այդ միջոցառումներն անկատար կլինեին, եթե մեծանուն բանաստեղծի ծննդավայր Դսեղում գտնվող տուն-թանգարանում չլինեն ենթակառուցվածքներ, որոնք ըստ նախարարի, կարեւոր են տուրիզմի զարգացման համար. «Դրանք կարեւոր են, որպեսզի այցելուն կարողանա շատ հարմարավետ զգալ իրեն թանգարան այցելելով: Նախատեսվում է կառուցել փոքրիկ հանգստի գոտի, հուշանվերների կրպակ եւ սանհանգույց, որը մինչ այսօր չկար: Նախորդ տարի հատվեցին տուն-թանգարանի առջեւի ծառերը, որոնք արդեն սնամեջ էին եւ վտանգ կար, որ դրանք կարող էին թեթեւ քամուց ընկնել եւ վնասել թանգարանի շենքը: Ծառերի բները, որոնք մնացել են, փորձում ենք քանդակագործների միջոցով քանդակել թումանյանական հեքիաթների հերոսներին, որպեսզի ավելի հետաքրքիր լինի»,-ընդգծեց մշակույթի նախարարը:

Թումանյանի թանգարանի հետ կապված ենթակառուցվածքները կյանքի կոչելու համար իր աջակցությունն է ցուցաբերել երաժիշտ, ամերիկահայ բարերար ԱՇՈՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ, որի հետ մշակույթի նախարարը ծանոթացել է դեռեւս նախորդ տարի:

Ենթակառուցվածքների շինարարությունն իրականացնելու համար այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Աշոտ Տիգրանյանի եւ մշակույթի նախարարության միջեւ, այն ստորագրեցին Ա. Տիգրանյանը եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը.«Մեծ հարգանքով եւ պատվով կկատարեմ այս նախեռնությունը»,-իր խոսքում նշեց բարերարը:

Նշենք, որ թանգարանի ենթակառուցվածքների շինարարության համար Աշոտ Տիգրանյանը տրամադրել է 8 մլն դրամ:

 

 

Հեղինակ` Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աղբյուրը` iravunk.com

Նյութը հրապարակավեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed