Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի տարեդարձն է

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում 1957թ. փետրվարի 5-ին: Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1973թ. մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին, արժանացել առաջին մրցանակին և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1976թ., ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկ» երգը նրա կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 1991-97թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1997-2001թթ ղեկավարել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: Թողարկել է «Ունի վերադարձ» (1998թ.), «Կանգնիր քարավան» (2002թ.), «Քելե լաո» (2002թ.), «Երազ տեսա» (2003թ.), «Մենք» (2007թ.) և այլ ձայնասկավառակներ: 2001թ. կրկին տեղափոխվել է ԱՄՆ: 2002թ. Հոլիվուդ և Բրբանկ քաղաքներում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ, 2006թ. Երևանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն: 2007թ. Լոս Անջելեսում, ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով, հանդես է եկել մենահամերգով: Նաև ստեղծել է «Արտիստներ խաղաղության համար» (Artists for Peace) միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացրել է «Այլևս երբեք» (Never Again) նախագիծընվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյակին: 2011թ. Լոս Անջելեսում, այդ նույն ծրագրի շրջանակում, համերգային ծրագրով հանդես է եկել հայտնի երգիչներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Էրիկ Բենեթի և այլոց հետ:
2011թ. երգչուհին արժանացել է ժողովրդկան արտիսի կոչմանը:
Մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին` Լոս Անջելեսում:
Թաղված է Երևանում:
Աղբյուրը` menq.org
- Previous Ինչպիսի՞ հավատալիքներ ունեին և ինչո՞ւ էին հավատում դրանց մեր նախնիները
- Next Ա. Իսահակյանի նամակը Հովհաննես Թումանյանին