Հանդիպում Սոս Սարգսյանի հետ

Նարեկացի արվեստի կենտրոնում դերասան, բեմադրիչ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը հանդիպեց երիտասարդներին: «Ուզում ենք տեսնել, լսել Սոս Սարգսյան արվեստագետին, մարդուն, շատ բան սովորենք: Ուզում ենք անկեղծ լինեք եւ ուղղություն տաք մեզ». Bravo.am-ը գրի է առել 80-ամյա դերասանի մտքերը:
2009-ը
Համազգային թատրոնի համար շատ լավ տարի էր. չորս ներկայացում բեմադրեցինք: Մեր հանդիսատեսը կամաց-կամաց ձեւավորվում է, ավելանում: Ներկայացումներն էլ, կարծում եմ, հաջող էին:
Հուզվել եմ
Արվեստի գործիչը, մարզիկը պետք է փառք բերի իր ժողովրդին: Այս տարվա իմ մեծ ուրախությունը Նազիկ Ավդալյանն է եւ Առաքել Միրզոյանը: Նազիկը դարձավ աշխարհի չեմպիոն. հեքիաթային աղջիկ է: Մեր ժողովրդին եւ հանրապետությանը մեծ ճանաչում բերեցին:
Հուզում է
Ինձ հուզում է մեր երկրի ճակատագիրը եւ դրանից բխող հազար հարցեր: Ի՞նչ կլինի, ո՞ւր կգնանք, ճի՞շտ ենք անում: Ինձ համար ամենագլխավորն իմ երկիրն է: Հորս վերջին խոսքերն էր` տղա, Ղարաբաղի հարցը ոնց պետք է լուծվի…
Անկեղծությունը
Անկեծությունն ազնվություն է, մեծ մասամբ անմեղ մարդիկ են անկեղծ լինում: Ես հաճախ դժվարանում եմ անկեղծ լինել, լրագրողները աղավաղում են խոսքերս:
Հայ երիտասարդը
Մեր երիտասարդությունը դառնում է շատ առաջադեմ, գիտուն, գրագետ, հայրենասեր, որը շատ կարեւոր է: Մեծ հույսեր եմ կապում ձեզ հետ, երեխեք ջան: Մեր ժամանակ երիտասարդները շատ փակ եւ կաշկանդված էին: Ինձ դուր է գալիս ձեր ազատությունը, համարձակությունը: Հույս ունեմ, որ դուք ուղղելու եք ներկան: Այնքան կուրախանամ` տեսնելով, որ հայ երիտասարդը դուրս է եկել մի բան պահանջելու, ոչ թե կառավարությունը փոխելու: Ըմբոստություն կա, երկրի տեր լինելու գիտակցությունն է պակասել:
Երիտասարդ թատերական գործիչները
Անպատասխանատու ջահել արվեստագետներ շատ կան: Քիչ դաստիարակություն ստացավ այս սերունդը:
Ամաչում եմ
Կաշառակերությունը շատ ամոթ, կործանարար բան է, սկսենք դրանից, դա փոխենք հայ հասարակության մեջ, պաշտոնամոլությունն էլ: Ինչո՞ւ փողոցը ճիշտ չենք անցնում, մեր երկիրը մաքուր չենք պահում: Կեղտից, անօրինականությունից ինչպես չեք զզվում: Նոր եմ ծխելը թողել, բայց ծխախոտի մնացորդները երբեք գետնին չեմ գցել: Չի կարելի քայլ անել եւ սպասել արդյունքի: Կուտակումներ են պետք: Յուրաքանչյուր ազնիվ, անկեղծ քայլ չի կորչում. կուտակվում են եւ դառնում որակ:
Այսօրվա արվեստը
Այսօրվա արվեստին վատ եմ նայում: Պիտի ասեմ, որ սերիալներում առաջադիմություն կա. դերասանները փող են աշխատում: Արվեստը ճաշակ է: Կա ճաշակ` արվեստ էլ կա, չկա` այն էլ չկա: Մեղվի նման լավ բաները բերել, հավաքել է պետք: Կոմիտասը ճաշակ է:
Մեր մեծերը
Թումանյան, Նարեկացի… Իմ ամենասիրելի գրողն Մնձուրին է, կարդում եմ, ամբողջ աշխարհս խառնվում է իրար: Հրանտ Մաթեւոսյան, Չարենց, Շիրազ… Ո՞ր մեկն ասեմ: Հիմա մեծություններ չկան, արվեստում համաշխարհային ճգնաժամ է:
Ձորի Միրոն: Հիանալի կերպար էր, ինքն իրեն ծնվեց, ապրեց, մեծացավ:
Հայեր եւ թուրքեր
Հայ-թուրքական հարաբերությունները… Գիտեք ինչ, ես առողջ մարդ եմ եւ հասկանում եմ, որ հարեւան երկրի հետ պետք է նորմալ փոխհարաբերություններ լինեն: Բայց թուրքերի հետ կապված այնքան բայցեր եւ վերապահումներ ունենք, որ միանշանակ չեմ կարող ասել, որ այս քայը պետք է արվեր: Մի սխալ ունենք. հայերս չենք հասկանում, որ հարաբերություններ ստեղծելն առաջին հերթին թուրքերին է պետք, նրանք պիտի շահագրգռված լինեն, բայց խորամանկ են, թաքցնում են դա: Մենք կարող էինք թելադրող լինել, եւ ոչ թե թուրքերը:
Մեր սահմանը
Ես կատեգորիկ դեմ եմ, որ ասում են` սահմանի բացում: Դա սահմանը չի, մեր սահմանը ուրիշ տեղ է, պարզապես պետք է ասել` ստղեծվել են դիվանագիտական փոխհարաբերություններ դրանից բխող երեւույթներով` առեւտուր… Վախեր, բայցեր շատ կան: Մեկն ինձ ասում է` արդյոք Թուրքիայի հյուսիսային գավառ չենք դառնա: Շատ հնարավոր է, նայած` մեզ ինչպես ենք պահում, ինչպես ենք շարժվում: Եթե չենք ստիպում ու պահանջում, որ թուրքերը ընդունեն Ցեղասպանությունը: Եթե հայերին թվում է` թուրքերը մեր քեռին են եւ սրանից հետո գրկաբաց կլինեն, սխալվում են շատ. մենք նրանց չարագործությունների մեծ վկան ենք:
Հայի երջանկություն
Հայ մարդն երջանկանում է ընտանիքում, հայի ամենամեծ երջանկությունն արդարասիրությունն է: Այն մարդն է, որ հազար տարի արդարություն է փնտրում, հիմա արդարությունը ստեղծելու ժամանակն է եկել: Մեր ուզածով պետք է լինի:
Նյութը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/