Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

«Մհեր Մկրտչյան ….  Հայ թատրոնի առեղծվածներից մեկը ….  Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը»: Այսպես է բնութագրել  դերասն Մհեր Մկրտչյանին ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:
Այսօր մեծ հայի ծննդյան օրն է՝ 1930 թվական, հուլիսի 4, Գյումրի: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան), որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»):

Լավագույն դերերից են՝  Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»),  Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):

Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:

Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն), որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն հրաժեշտ է տվել կյանքին 1993 թվականի դեկտեմբերի 29-ին:

Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծուհի, ՀՀ ԳԱՍ ակադեմիկոս  (frunzik.com)

«…Այսպես սկսվեց ու այդպես էլ շարունակվեց մեր բարեկամությունը։ Հանդիպելիս ամենևին էլ ոչ ապոլոնյան դեմքը գեղեցկանում էր ներքին մի ճառագայթումով, որն անմիջապես հաղորդվում էր քեզ, և ինչքան էլ տխուր ու մտահոգ լինեիր, ակամա հաղորդվում էիր այդ ճառագայթմանը, ողողվում նույն ջերմությամբ։

Անհանգիստ հոգի էր, շեն, շռայլ, ամենաբաշխ հոգի։ Գ. Սունդուկյանի թատրոնի սյուներից էր, հայ և օտար շարժանկարների կենտրոնական դեմքը։ Խորհրդային Միության բազմազգ հանդիսատեսին ստիպեց արտաբերել իր դժվարահունչ ազգանունը՝ Մկրտչյան, արտաբերել սիրով, հիացումով, ժպտերես։ Ամեն տեղ հետը տանում էր Հայաստանի ջերմությունը, հայ հանճարի անսպառ կուտակումներից իրեն հասած ժառանգությունն ու այն ցրում ամենքին։ Սակայն ինչքան էլ ցրում, միևնույն է, իր հողին, հայրենի Գյումրիին, Երևանին, իր ժողովրդին մնում էր մի անսպառ բաժին, որից օգտվում էինք բոլորս, օգտվում առատորեն։ Նրա հետ ծիծաղում էինք, նրա հետ մտորում, նրա հետ ծերանում էինք ու մանկանում։

Այնպես պատահեց, որ մի անգամ միասին Արզնիի առողջարանում էինք։ Բուժարանի բոլոր չորս հարկերը լցվել էին Ֆրունզիկով։ Որտեղ որ լինում էր՝ բակում, ճաշարանում, նախասրահներում, հանգստացողներն անմիջապես հավաքվում էին շուրջը, և բժիշկների ու բուժքույրերի ոչ մի հորդոր՝ անցնել բուժական նշանակումների կատարմանը, չէր օգնում. անհնար էր պոկվել արտիստի հմայքից, խոսք ու զրույցից, սրամտություններից։

Մի օր էլ Մհերը խնդրեց առանձին հանդիպել, սիրով համաձայնեցի։ Մտավ սենյակս՝ ձեռքին ինչ-որ թղթեր։
— Սիլվա ջան, հացդ խլել եմ, մի պոեմ եմ գրել, կուզեմ կարդամ։
Տեղավորվեց փոքրիկ սեղանի շուրջր, սկսեց կարդալ։ Նույն Ֆրունզիկը չէր կարծես, անսովոր լուրջ էր ու հուզված։ Պոեմում նկարագրված էր, թե ինչպես երկրաշարժի օրերին ամբողջ երկրագնդի մարդիկ ձեռք մեկնեցին աղետյալ հայ ժողովողին, եկան օգնելու Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ամերիկայից, Աֆրիկայից, Ալժիրից, Անգորայից, Շրի֊ Լանկայից, Պակիստանից, Հնդկաստանից, Սինգապուրից և այսպես շարունակ… Երբ կարդաց վերջացրեց, սպասողական հայացքը ուղղեց ինձ…
— Լավ էր, Ֆրունզիկ ջան, շատ անկեղծ էր, ապրված…
Խորաթափանց խոսակիցս զգաց, որ այնքան էլ հիացած չեմ իր չափածոյով։ Մի բան ասելու համար հարցրեցի.
— Ուրիշ ո՞վ է գործդ կարդացել։
— Համո Սահյանը։
— Եվ ի՞նչ ասաց։
— Ասաց. «էդ ինչըխ լավ աշխարհագրություն գիտես…»։

Երկուսս էլ հորդ ծիծաղեցինք։ Ինչպես ամեն խելացի մարդ, Մհեր Մկրտչյանը գիտեր նաև ինքն իր վրա ծիծաղել, և դա նրա հոգու մեծությունն էր։ Գիտեր նաև ծիծաղի քողի տակ ծածկել իր խորունկ տխրությունը, և դա նույնպես իր մեծությունն էր։ Այն պահին, երբ ողջ առողջարանը թնդում էր Ֆրունզիկի ծաղրաբանություններից, ծաղրաբանի աչքը մոտակա անտառի մի անկյունում սուսուփուս նկարչությամբ գբաղվող իր տղայի կողմն էր։ Տղային վերաբերվում էր անսահման քնքուշ, վրան դողալով, երևի գիտեր նրա մեջ բուն դրած դարանակալ հիվանդության մասին։ Չէ՞ որ կինն էլ, սքանչելի մի դերասանուհի, նույն պահին գտնվում էր հոգեբուժարանում։

Քմահաճ բնությունր երբեմն սիրում է դաժան խաղեր խաղալ, արտաքուստ ամենաուրախ մարդուն տալիս է ներսից տխուր լինելու անթիվ առիթներ։ Այդ մարդկանցից էր նաև Մհեր Մկրտչյանը։
Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսը վայելելու անսահման երջանկություն»:

Շարունակությունը՝ Panorama.am-ում։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed