Այսօր Հ. Դինքը կդառնար 62 տարեկան

news.am-ը ներկայացնում է՝

Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր` սեպտեմբերի 15-ին կդառնար 62 տարեկան:

Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում, 1954 թվականի սեպտեմբերի 15-ին: 1961 թվականին նրա ծնողները Ստամբուլ տեղափոխվելուց հետո բաժանվեցին, որի հետեւանքով Հրանտը եւ 2 եղբայրները տեղավորվեցին Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատանը:

Պատանեկան տարիքում հրապուրվել է ձախակողմյան կուսակցություններով եւ սկսել քաղաքականության մեջ մտնել Թուրքիայի կոմունիստական կուսակցության ուղեգծով: Ստամբուլի համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց որոշ ժամանակ անց ամուսնացել է մանկատան մյուս սաներից Ռաքելի հետ:

Եղբայրների հետ միասին տպարան են բացել եւ Ռաքելի հետ համատեղ Արեւմտյան Հայաստանից եկած իրենց պես անծնող երեխաների համար ստեղծված ճամբարը ղեկավարել: Սակայն պետությունն  ճամբարի բացումից 21 տարի հետո այն բռնագրավեց:  Զինվորական ծառայության է անցել Դենիզլիի հետեւակային գնդում:

Թերթերում աշխատանքը սկսել է որպես  լույս տեսած գրքերի ընդդիմախոս եւ սկսել է հայտնի դառնալ նրանով, որ բավականին ուղղումներ է արել մամուլում լույս տեսած հրապարակումների հետ կապված:

«Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ներկայացնենք, նախապաշարումները կկոտրվեն»-ասում էր Հրանտ Դինքը` նախապատրաստվելով հայերենով եւ թուրքերենով թերթի հրապարակմանը:

1996 թվականի ապրիլի 5-ին լույս տեսավ «Ակոս»-ի առաջին համարը: Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնն ստանձնեց Հրանտ Դինքը: Բացի «Ակոս»-ից, գրում էր նաեւ «Զաման» եւ «Բիրգյուն» պարբերականներում:

Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգրած աղջիկը Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել, ով հանդիսանում է նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն: Այնուհետ թուրքական Hurriyet-ը եւ մի քանի այլ թերթեր Դինքին սկեցին գլխավոր էջերում որակել որպես դավաճան` հող նախապատրաստելով նրա սպանության համար:

«Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Դինքն ասում էր. «Այո, 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ 4 հազար տարի այս հողերում ապրած մի ժողովուրդ եւ նրա քաղաքակրթությունն արդեն չկա»:

Դինքի դեմ կան մի անի դատական գործեր, որոնցից մեկով` տխրահռչակ 301-րդ հոդվածով նա դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվեց: Դինքն այդ վճռի բողոքարկումը հասցրեց մինչեւ Եվրադատարան եւ ցավոք, միայն նրա մահից հետո` 2010 թվականի սեպտեմբերի 15-ին` նրա ծննդյան օրը, Եվրադատարանը Դինքին արդարացրեց եւ թուրքական իշխանություններին պարտավորեցրեց փոխհատուցել Դինքի ընտանիքին:

2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Ակոս» խմբագրության դիմաց: Նրա սպանության գործով դատը Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ամոթալի դատական գործերից մեկն է: Սպանության գործով անչափահասների համար նախատեսված դատարանում 25 տարվա ազատազրկման դատապարտվեց Օգյուն Սամասթը, ով որոշակի արտոնություններից օգտվելով` կարող է 10 տարի անց հայտնվել ազատության մեջ: Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում չնայած դատարանը ցմահ է տվել:

Թեեւ դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար:

Ավելին, Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց:

Միայն 2013-ի մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան: Վճռաբեկ 9-րդ դատարանի որոշման մեջ Դինքի սպանության գործով դատապարտվածներին վերագրվել է «զինված հանցանք գործելու համար կազմված խմբավորման անդամներ» մեղադրանքը։ Ավելի վաղ, դատարանի որոշման մեջ չկար զինված խմբավորման անդամներ լինելու մասին որոշում, ինչը թեթեւացրել է մեղավորների պատիժները։

Վճռաբեկը միեւնույն ժամանակ հաստատել է Դինքի սպանության ուղղորդողներից Յասին Հայալի նկատմամբ դատարանի կայացարած ցմահ ազատազրկման դատապարտելու որոշումը:

2016–ի հուլիսի 15–ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո կարծես թե արագացվեց Դինքի սպանության գործով հետաքննությունը եւ նոր փաստեր հայտնվեցին, ըստ որոնց, Դինքի սպանության կազմակերպման մեջ մասնակցություն ունեցող ժանդարմերիայի ծառայողներն ու բարձրաստիճան զինվորականները գյուլենական են, եւ նրանց մի մասն էլ ձերբակալվել է հեղաշրջման փորձի գործի շրջանակներում։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed