Այսօր Հովսեփ Օրբելու ծննդյան օրն է

1887 թ. մարտի 20-ին ծնվել է հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելին:
1904 թ. ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան, 1911 թ.՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։
Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Ն. Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի։
1909 թ. ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ., ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ. Նիկողայոս Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը։
1917-1918 թթ. շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավւսնդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել Է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ։ 1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք Է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել Է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ. օգոստոսին ընտրվել Է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.՝ Էրմիտաժի տնօրեն։
Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։
1946 թ. Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա։
Աղբյուրը` wikipedia.org
Լուսանակրը` Հովսեփ Օրբելու գերեզման է` Սանկտ Պետերբուրգում
- Previous Վերնատուն. Աղասի Այվազյան
- Next «Ցեղասպանության որբերը» ֆիլմը արաժանանցել է լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգին