Այսօր հայ ձեռագրագետ Հակովբոս Տաշյանի հիշատակի օրն է

Նախնական կրթությունը ստացել է Կարինի ծխական դպրոցում, 1880 թվականի ամռանը հաճախել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, աշակերտել Հովսեփ Գաթըրճյանին, ապա ուսանել Վիեննայի Մխիթարյանների ընծայարանում։ 1883-ին ստացել է Հակովբոս անունը, 1885 թվականին անդամագրվել Մխիթարյան միաբանությանը։ 1889 թվականին ձեռնադրվել է քահանա։ Ուսումն ավարտելուց հետո (1889) Մխիթարյան կրթարանում դասավանդել է փիլիսոփայություն, հայոց լեզու։ 1893–1912թթ. եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել և նկարագրել է Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կարինում, Տայոց աշխարհում։ 1909 թվականին հաստատվել է Կ. Պոլսի Մխիթարյան վանատան մեծավոր։

Նա անձնական ծանոթություն, նամակագրական կապեր է ունեցել ժամանակի հայտնի հայ և եվրոպացի հայագետների՝ Գ. Տեր-Մկրտչյանի, Մ. արք. Տեր-Մովսիսյանի, Բ. Կյուլեսերյանի, Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Պաուլ Ֆետտերի, Ֆ. Մյուլլերի, Ֆ. Կոնիբերի և ուր. հետ։ Տիրապետել է բազում լեզուների (լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, եթովպերեն, գերմաներեն, անգլերեն և այլն)։ Տաշյանը հայերեն է սովորեցրել ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Անտուան Մեյեին (վերջինս հպարտացել է դրանով)։

Տաշյանը 45 տարի անընդմեջ աշխատել է հայագիտության բնագավառում՝ ստեղծելով մեծարժեք գործեր։ Հեղինակ է «Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ…» (1898), «Ուսումն դասական հայերէն լեզուի» (1920), «Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) լեզվաբանական բնույթի և «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչեւ Կարին…» (1921), «Հայ ազգի տարագրութիւնը…» (1921), «Հաթեր և ուրարտեանք» (1934), «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը» (1948) պատմական և պատմաաշխարհագրական աշխատությունների։ Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական և այլ աղբյուրների հետ համեմատելով՝ հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը…» (1896)։

Բանասիրական վիթխարի աշխատանքի արդյունք է Հ. Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց…» երկի հրատարակումը (1897)՝ ծանոթագրություններով և լրացումներով։ Տաշյանը զբաղվել է նաև քիմիայի և բնական այլ գիտությունների հայերեն տերմինաբանության հարցերով։ Թարգմանել է Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Ա. Կարիերի, Կ. Կոնիբերի, Ն. Մառի և ուրիշ հայագետների աշխատություններ։

Տաշյանի գիտական հարուստ ժառանգության մեջ առանձնանում է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը, որը կազմելիս նա ի հայտ է բերել «մեծագույն գիտնականի հմտություն, գործելու հազվագյուտ ուժ» (հայագետ Պ. Ֆետտեր)։ Հայ բանասիրության մեջ ցուցակագրման Տաշյանի եղանակն անվանվել է «տաշյանական ոճ»։ Ձեռագրացուցակում ընդգրկված են Վիեննայի Մխիթարյան մատենադարանի 571 ձեռագիր մատյաններ, 7 ներդիր նկարներ։ Նկարագրությունների մեջ մանրամասն տեղեկություններ են հաղորդվում ձեռագրի ստեղծողի, մատյանի արտաքինի, գրի մասին, բացահայտվում յուրաքանչյուր ձեռագիր մատյանի (քարոզ, մեկնություն ևն) բովանդակությունը։ Ձեռագրի հանգամանալից նկարագրությունը, ծանոթագրությունները, ցանկերը, հարուստ տեղեկատվությունը հանրագիտական տեղեկատուի արժեք ունեն։

Աղբյուրը` wikipedia

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed