Այսօր հայ արձակագիր Ակսել Բակունցի հիշատակի օրն է.

Այսօր հայ խորհրդային արձակագիր, գրականագետ Ակսել Բակունցի մահվան օրն է: Նա ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին, մահացել 1937 թվականի հուլիսի 8-ին: Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։ Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/552348/

Տարածել`
Share

You may also like...