Այսօր Հայաստանում կա թատերական երկու ուղղություն՝ «խրխնջիզմ» և «դլեյամանիզմ»

Մեր հյուրն է թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

– Պարոն Ծատուրյան, Ձեր սերունդը, Ձեզնից առաջ եղած սերունդը իսկական աստղաբույլ էր: Հիմա թատրոնն ո՞ւմ ձեռքերում է: Ովքե՞ր են ճաշակ և որակ թելադրում:

– Էսօր ամբողջ երկիրը «ֆայլաբազար» է: Ով ասես նկարում է, ով ասես բեմադրում է, գրում ու խաղում է: Դրա համար էլ արվեստը, եթե իհարկե դա արվեստ է, դարձել է փող աշխատելու միջոց: Ախր, արվեստի մեջ գլխավորը փող աշխատելը չպետք է լինի: Մյուս կողմից էլ, արվեստագետին փող է պետք, որ գնա աշխարհ տեսնի, մտահորիզոնն ընդլայնի: Թե չէ, մենակ կապկում ենք դրսի եղածը: Մեջը հոգի ու էություն չկա:

– Դուք երկար տարիների ռեժիսոր եք: Մարդկանց պահանջները թատրոնից այսօր փոխվե՞լ են: Հանդիսատեսն ինչի՞ կարիք ունի:

– Այսօր Հայաստանում կա թատերական երկու ուղղություն՝ «խրխնջիզմ» և «դլեյամանիզմ»:

– Ի դեպ, բեմադրվող ներկայացումների մեծ մասը կատակերգություն է: Ինչո՞ւ:

– Մենք քննադատում ենք, բայց… Ախր, ասեմ՝ ժողովուրդը ինձնից կնեղանա: Ահավոր անգրագետ ազգ ենք: Ռուսական «Կուլտուրա» ալիքով նայում եմ «Синяя птица» հաղորդումը: Էդ երեխեքը ո՜նց են խոսում, տրամաբանում: Եվ անընդհատ մտովի պատկերացնում եմ հայ երեխուն՝ խեղճ, բառապաշարը չնչին:

– Գուցե մենք պարզապես տեղ չե՞նք տալիս լավերին: Նման ծրագրերը կազմակերպում են հեռուստաընկերությունները, իսկ դրանց մակարդակը մեզանում բոլորիս է հայտնի:

– Բան չունեմ ասելու: Բայց գլխավորը ուսումն է: Երեխային պետք է կրթել մանկապարտեզից: Ու կրթողն ինքը պետք է շատ կիրթ լինի, ճաշակ ունենա, որ երեխայի մեջ ի սկզբանե դնի գեղեցիկի ընկալումը: Ոչ թե «Վերնիսաժ» տանի, այլ` Ազգային պատկերասրահ: Թույլ չտա, որ ռաբիս լսի: Որպեսզի մենք չմնանք էս մեր ճահճում, ու գորտի նման կռկռանք: Աշխարհից էնքա՜ն հեռու ենք: Մի առիթով ասել եմ՝ աշխարհը 21–րդ դարում է ապրում, մենք՝ 19–րդում: Նույնը թատրոնի դեպքում է: Էդ ռաբիսը մտել է և’ կինո, և’ թատրոն: Մի անգամ մեր նահապետը՝ Սոսը, լավ բան ասաց՝ «էս անտեր Հայաստանի թատրոնից հոտ չի գալիս»: Իսկ օրինակ, նույն ռուսներինը շատ բարձր թատրոն է: Բեմում միայն ճշմարտություն է: Այդպես պետք է լինի, որ մոռանաս՝ թատրոնում ես: Պետք է այնքան մխրճվես էդ իրականության մեջ, որ ցավես էդ մարդու համար, ջղայնանաս, ուրախանաս:

– Իսկ Ձեր բեմադրություններում այդ ճշմարտությունը փորձո՞ւմ եք պահել:

– Անընդհատ դրանով եմ զբաղված: Չեմ ասում, թե 100%–ով հաջողում եմ: Բայց կան ներկայացումներ, որոնց տակ կստորագրեմ: Բայց իմ ասածը չի նշանակում, որ հայկական թատրոնում լավ ներկայացումներ չկան: Կան: Կան առկայծումներ: Ինձ հրավիրեցին մի ներկայացման: Կոչվում էր «Я здесь»: Երկու հոգի էին խաղում: Չէին խաղում, ապրում էին: Էդ ի՜նչ բավականություն ստացա: Մեկ էլ՝ մի ջահել աղջիկ կա՝ Նարինե Գրիգորյան: Մի ներկայացում ունի՝ «Թռիչք քաղաքի վրայով»: Վայ ես քո ցա՛վը տանեմ: Էս վերջերս էլ շատ հավանեցի «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Այնպես որ, էնպես չի, որ ոչինչ չեմ հավանում: Ուղղակի լավը շատ քիչ է:


Արփի Սահակյան

«Փաստ» օրաթերթ

Աղբյուրը՝ nyut.am

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed