Այսօր կմեկնարկի «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը

panorama.am-ը գրում է`

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, այս տարի մրցութային ծրագրում ընդգրկվել է 104 ֆիլմ` 38 երկրից: Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի հեղինակները կխոսեն կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են կինոգետ Անետա Երզնկյանը /Հայաստան/, ռեժիսոր Մայա Վապցարովան /Բուլղարիա/, դերասան Փոլ Քերի Ջոնսը /Մեծ Բրիտանիա/: Կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը
/Հայաստան/, ռեժիսոր Անատոլ Դուրբալան /Մոլդովա/, ռեժիսոր Ֆարիդ Դմս Դեբան /Ֆրանսիա/: Վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմում են դերասան Դավիթ Հակոբյանը /Հայաստան/, Զիվադ Դոլիձեն /Վրաստան/, բեմադրիչ Արթուր Էլբակյանը /ԱՄՆ/:

Փառատոնին մասնակցող ֆիլմերը ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, իսկ «Հատուկ» և «Ուսանողական» մրցութային ծրագրերի նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է:

«Հատուկ» մրցութային ծրագրով ամեն տարի վեր է հանվում տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, և «H2O»` նվիրված ջրին:

«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող–ռեժիսորին կտրվի պատվոգիր:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչները: Ծրագիրը փորձարարական բնույթ է կրում և կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում:

Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Երևանի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում: Ցուցադրություններ են նախատեսվում նաև Գյումրիում: Ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed