Այսօր Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է

Այսօր ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է: 12  տարի է անցել, ինչ մեծանուն դերասանը հեռացել է կյանքից, բայց նրա ձայնը, խաղացած կերպարները և կինոյում, և թատրոնում, հնարավոր չէ մոռանալ:

«Խորեն Աբրահամյանը մեր նորագույն շրջանի ամենապրոֆեսիոնալ արտիստներից մեկն է, եթե չասենք ամենապրոֆեսիոնալը: Նույնիսկ այսօր՝ 21-րդ դարում, նա դերասանական չափանիշ է: Կարդացած մարդ էր, շատ տեքստեր անգիր գիտեր, ինտելեկտուալ դերասան էր»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց  Խորեն Աբրահամյանին թատերագետ Արա Խզմալյանը:

Նա համոզված է, որ նրա խաղերը թատրոնում, դերերը ֆիլմերում նույնիսկ այսօր  կարող են լինել վարպետության դասեր երիտասարդների համար. «Մենք այսօր շատ ենք խոսում՝ մեր դերասանները դուրս են գալիս բեմ, բայց չկա միտք, խաղի կառուցվածք, բեմական մտածողություն: Խորեն Աբրահամյանն անցել էր հոգեբանական դպրոցի միջով, նրա ուսուցիչը եղել էր Արմեն Գուլակյանը: Նա գիտեր՝ ինչ բան է բեմում հոգեբանական հիմնավորումը, դերի հոգեբանական նշանները: Այդ ամեն ինչին փայլուն տիրապետում էր: Այսօր էլ մեր երիտասարդները կարող են նայել ու տեսնել՝ ինչպես է պետք լինել կոնկրետ, անել ամեն ինչ մտածված, մասնագիտական հաշվենկատությամբ: Այդ իմաստով Խորեն Աբրահամյանը չափանիշային  արժեք է:

Դրանից բացի մինչ օրս նրա «Համլետ»-ի ընթերցումը դարձյալ մնում է չափանիշային արժեք: Խոսքային տարերքի մեջ մտնելու հմտություն ուներ:

Խորեն Աբրահամյանը բարձրագույն մակարդակի էր հասցնում  ֆիզիկական դրսևորումների և իրավիճակի տրամաբանության և իմաստի հակասությունը:

Նա մի հատկանիշ ուներ՝ միշտ խոսում էր իր անցյալի ուսուցիչների մասին:  Այսինքն ուներ հիշողության բնազդ, հիշատակի կուլտուրա: Նա զրոյական կետից չէր հայտնվել թատրոնում, նրա թիկունքում կար պատմություն, մշակված չափանիշներ, թատերական ավանդույթ: Նա այդ թատերական ավանդույթի կրողն էր,  միաժամանակ որոշակիորեն այդ ավանդույթը նորոգողն ու արդիականացնողը»:

Ա.Խզմալյանը նշեց, որ Խորեն Աբրահամյանը հակասական մարդ էր, նրա մասին դժվար է խոսել միանշանակ ձևակերպումներով, կյանքի ընթացքում սխալներ էլ է ունեցել, վրիպումներ էլ, բայց ժամանակն անցնում է, բոլոր հասարակական հնչեղություն ստացած բաները մնում են ստվերում. «Իսկ  մեզ մնում է  «Սարոյան եղբայրներ»-ի իր դերակատարումը, «Համլետ»-ի իր ընթերցումը, մնում է իր կերպարը»:

Թատերագետի խոսքով՝ Խորեն Աբրահամյանն իր հետ տարավ արժեքներ, չափանիշներ, որոնք, ցավոք սրտի, այսօրվա իրականության մեջ մոռացված են. «Իհարկե, այս անունների հեռացումով հայ թատրոնը որոշակիորեն մերկացավ, որովհետև այսօր այդ մտածողության, չափանիշների կարիք կա»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն մեզ հետ զրույցում ասաց, որ Խորեն Աբրահամյանի հետ նույն տարիներին են ուսանող եղել:

«Միշտ մնացել ենք շատ լավ բարեկամներ, ընկերներ: Ես նրա բոլոր աշխատանքներին ծանոթ եմ: Կարծում եմ՝ նա մեր թատրոնի շատ նշանակալի դեմքերից մեկն է: Ես նրա համակիրներից եմ»,- ասաց Ե.Մանարյանը:

Խորեն Աբրահամյանը ծնվել է Երևանում 1930  թվականին։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ , Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։

1979–1984 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995 թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988 թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ.Շեքսպիրի«Կորիոլան»), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։

Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի«Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։

Խորեն Աբրահամյանը թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

«Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է»,- ասել է Խորեն Աբրահամյանը:

Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից: 

Զրույցը ներկայացվեց առանց խմբագրման

Աղբյուրը՝ panorama.am

Տարածել`
Share

You may also like...