Այսօր գրականության հադեպ այլ պահանջներ կան. Արքմենիկ Նիկողոսյան

Համացանցային դարաշրջանում երիտասարդները կարդում են այն, ինչն ավելի շատ են ներկայացնում լրատվամիջոցները: Եթե գերակշռում է գրականության մասին լուրը, բնականաբար կարդում են, նախընտրում են գրականություն կարդալ: Նման նախադեպ գրանցվել է 2012-ին, երբ Երևանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք, իսկ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում էին գրական միջոցառումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ այսօր չափանիշների և ուսումնասիրության դաշտը դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, և հետևությունների մեծ մասը կապված է ֆեյսբուքյան դիտումների հետ:

«Դատելով Ֆեյսբուքից, ընթերցում են ժամանակակից գրականություն և հետաքրքրված են: Մյուս կարևոր չափորոշիչը ոչ թե գրադարաններն են, այլ գրախանութները, որտեղ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ վաճառվող գրքերի զգալի մասը՝ 70 տոկոսը ձեռք են բերում հենց երիտասարդները՝ 18-35 տարեկան մարդիկ են, որ գրքին փող են տալիս: Եթե գրադարանների տվյալներով դատենք, ապա ընթերցողների մեծ մասը երիտասարդներ են»:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ տարիքային այդ խումբը պայմանավորված է ուսանող լինելով և ուսման հետ կապված պայմաններով, գրականագետն ասաց, որ մեծ է ոչ ծրագրային ընթերցանության պահանջարկը:

Արքմենիկ Նիկողոսյանը նաև նշեց, որ վերջին տարիներին նաև պահանջարկն է փոխվել: Նրա խոսքով՝ երիտասարդները կարդում են հայերենով, և եթե տարիներ առաջ գրախանութներում գրքերի 70 տոկոսն օտար լեզվով էին, ապա հիմա հրատարակությունները տպում են հայերեն լեզվով՝ պահանջարկին համապատասխան:

Շուտով պատրաստվում է Պաուլու Կոելիոյի նոր վեպի համաշխարհային շնորհանդեսը «Լրտեսը» վերնագրով, որն անգամ պորտուգալերեն չկա, սակայն նրանք պատրաստում են 40 երկրում միանգամից հրատարակել գիրքը և այդ քառասուն երկրների շարքում է Հայաստանը, «Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանը չկա»,– ասաց նա:

Հարցին, թե ընթերցողների շրջանում կա պահանջարկ հայ հեղինակների ստեղծագործությունների նկատմամբ, գրականագետն ասաց, որ սա ամենացավալի հարցն է, որովհետև դրանք երբեք գրողի եկամտի հիմանական աղբյուրը չեն դառնում, բայց պահանջարկ կա։

«Սակայն կան գործեր, որ Հայաստանում տարեկան վաճառվում են 200-300 հատ, ինչը բավականին շատ է Հայաստանի պայմաններում, սակայն նույն հայ գրողի նույն ստեղծագործությունը Ուկրաինայում վաճառվել է 2000 հատ: Հայաստանում պահանջված գրող է Արամ Պաչյանը, որի գրքերը վաճառվում են բաձր տպաքանակներով, Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպն է ունեցել երկու տպագրություն և 500 օրինակը սպառվել է, իսկ Լևոն Խեչոյանի գրքերի նկատմամբ միշտ կա հետաքրքրությունը, անգամ գրքեր կան, որ չեն ճարվում և պետք է տպվեն: Բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանի գրքերը միշտ պահանջված են»,– տեղեկացրեց նա:

Գրականագետի խոսքով՝ որպեսզի գիրքը կարդացվի, պետք է առաջնորդվել ժամանակակից մեթոդներով, քարոզել, PR անել, գովազդել և հայտնի դառնալ:

«Օրինակ Պաչյանը վերացրեց հեռախոսը, սկսեց հագնվել շոու-բիզնեսի աստղերի ոճով, ձևավորեց իր ոճը: Պետք է ընթերցողին ցույց տալ, որ գրողները դեզ մազերով ու «պախմելի տակ» գտնվող մարդիկ չեն, պետք է փոխել գրողների մասին պատկերացումները և ժամանակին համահունչ դառնալ»,-ասաց բանախոսը:

Նիկողոսյանի խոսքով՝ վերջին տարիների փորձությունը «Ֆեյսբուքն» է, ակտիվ մասսան կարդում է նրանց, հետևում է։ Ըստ նրա՝ սոցիալական ցանցը դրական կողմ էլ ունի, այն կարող է նպաստել գրականության զարգացմանը, պարզապես Հայաստանում դեռ այդ մեթոդները կայացած չեն, իսկ ամենամեծ խնդիրները մանկապատանեկան գրականության ոլորտում են:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed